շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
100 մլն դոլարի այգիներ են հիմնո՞ւմ, ոնց է ստացվում, որ գյուղատնտեսությունն անկում է ապրում․ ՔՊ պատգամավորը՝ նախարարին

100 մլն դոլարի այգիներ են հիմնո՞ւմ, ոնց է ստացվում, որ գյուղատնտեսությունն անկում է ապրում․ ՔՊ պատգամավորը՝ նախարարին

« 100 մլն դոլարի այգիներ են հիմնո՞ւմ, ոնց է ստացվում, որ գյուղատնտեսությունը անկում է ապրում» , - այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի քննարկմանը  հարցրեց ՔՊ պատգամավոր  Սիսակ Գաբրիելյանը։ 

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ այս հարցին առավել հասցեական պատասխան  կարող է տալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, բայց և նշեց․«  Գյուղատնտեսության հետ կապված վիճակագրությունն այն հարցերից է, որոնց տարիների ընթացքում չեն պատասխանել, և այդ հարցերը բաց են մնացել որոշ դեպքերում և դա էլ է պատճառը, որ տրամաբանական թվացող որոշ գործոններ, որ պետք է ուղիղ ազդեցություն ունենային հանրագումար ցուցանիշների վրա, թվում է, որ ուղիղ չեն ազդել»։  

ՀՀ վիճակագրական կոմիտեի  նախագահ Ստեփան  Մնացականյանն էլ ասաց․ «Վիճակագրության առումով՝ ոչինչ չի փոխվել, անգամ համայնքների խոշորացման պայմաններում, համայնքապետարանները  ներկայացնում են գյուղատնտեսության  արտադրանքի վերաբերյալ տվյալներ՝  ըստ բնակավայրերի, ներկայացվող դինամիկան ճիշտ է»։ 

Մնացականյանը, սակայն, նկատեց, որ վիճակագրական տվյալները չեն արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ խնդիր կա գյուղատնտեսական հաշվառումների հետ, նա կարևորեց, որ իրական վիճակը գնահատելու համար  կարևոր է գյուղատնտեսության մասին օրենքը, որը առավել հստակ կդարձնի ոլորտի վերաբերյալ վիճակագրությունը և ըստ այդմ՝ ներկայացվող տվյալների ամբողջականությունը։

  • Կիսվել: