ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԶՈւ-ն պետք է կանգնեցնի ցավ պատճառող սև գոտին. Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

ԶՈւ-ն պետք է կանգնեցնի ցավ պատճառող սև գոտին. Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կարծում է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է» և երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Ըստ նրա՝ արգելել է, որովհետև նման արտահայտությունները մեկ-մեկ արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում: Այս և այլ հարցերի մասին Tert.am-ը զրույցել է Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:

«ԶՈՒ ղեկավարությունը գիտի՝ ինչ պետք է անել, իրենք ունեն ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան և այդ պլանի համաձայն համապատասխան աշխատանք պետք է իրականացնել: Եվ այդ գործը պետք է թողնել բանակի հրամանատարներին, անձնակազմի գծով տեղակալներին և հոգեբաններին, հասարակության մեջ ավելորդ շահարկումներով ճիշտ քայլ չենք անում, դրանից մեր հակառակորդները, թնշանամիներն են հրճվում»,-ասաց Օհանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ պետք է անի ԶՈւ-ն՝  խաղաղ պայմաններում մահվան դեպքեր կանխարգելելու համար:

Անդրադառնալով սպայակազմի, հրամկազմի, զինվորների միջև միջանձնային հարաբերությունների  հավանական խնդիրներին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ, քանի որ մեր բանակն ազգային բանակ է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ միջանձնային խնդիրները հասցնենք նվազագույնի: «Նվազագույնի կարող ենք հասցնել հասարակության ու բանակի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, բայց քանի որ բանակը կանոնադրության ուղղահայաց աստիճանական ենթարկվածության կազմակերպված կառույց է, այնտեղ աշխատանքը պետք է ավելի խիստ հիմքերի վրա դրված լինի»,-ասաց նա:

Օհանյանը նաև նշեց, որ բանակն ունի աշխատանքի համար համապատասխան ծրագրեր, պարզապես դրանք ինչ-որ մի տեղ կտրվում են, աշխատանքի ավանդույթները և այդ ծրագրերի կատարման շարունակականությունն ինչ-որ տեղ կտրվում է այն պատաճառով, որ հրամանատարների փոփոխություններ են լինում, նոր կադրեր են բերվում, մինչդեռ պետք է այս պահին կանգ առնել և նորից ունեցած ծրագրերին համապատասխան 0-ից աշխատանք տանել:

«Այսօր խոսում են քրեական ենթամշակույթից. 2014 թ-ին բանակի ղեկավարության և այնպիսի կազմակերպված կառուցների, ինչպիսիք են դպրոցները, բուհերը,  ՀԿ-ները, իրավապահ մարմինները, նույնիսկ համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանք է տարվել արատավոր, քրեական ենթամշակույթ պարունակող երևույթները վերացնելու նպատակով, որպեսզի բանակը վերջնական զտող կառույցը լինի, և թույլ չտանք՝ այդ ամենը ներթափանցի զինված ուժեր: Այդ ամենը վերածվել էր հայրենիքի պաշտպանի՝ զինվորի գաղափարադաստիարակչական աշխատանքների մի մեծ ուրվագծի»,-ասաց Օհանյանը:

Հիշատակելով նաև այլ ծրագրեր, որոնք նախկինում արվել են, և ընդգծելով «Ազգ-բանակ» գաղափարի ներդրումը՝ Օհանյանն ասաց, որ այդ ամենն արվել է ոչ թե աշխատանքները հասարակության վրա գցելու, այլ հասարակության  հետ մեկտեղ բանակի հրամանատարական կազմի պատասխանատվության աստիճանը բարձացնելու համար:

Նա նշեց. «Աշխատանքի մեծ փաթեթ կա. բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, բայց այս պահին այդ սև գոտին, որը ցավ է պատճառում բոլորիս, պետք է կանգնեցնել և բանակի հրամանատարությանն աջակցել, բայց շատ դեպքերում նաև թողնել, որ ինքնուրույն աշխատեն,  չափից ավել բանակի գործերին միջամտելը կխանգարի»:

Օհանյանը պատասխանեց նաև բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիների տեղի ունեցած դեպքերի մասին հարցին, թե՝ եթե արդյունավետ քննություն տարվեր, և դեպքերը բացահայտվեին, մեղավորները պատասխանատվություն կրեին, արդյոք այսօր մտահոգիչ պատկեր կունենայի՞նք՝ կապված տարբեր դեպքերի հետ, որոնք այդպես էլ չեն բացահայտվում՝ որակվելով որպես դժբախտ պատահար կամ ինքնասպանություն:

Այս առնչությամբ Օնանյանն ասաց. «Իհարկե, դրանք էլ կանխարգելիչ դեր կունենային, բայց երբ արտակարգ դեպք է տեղի ունենում, ԶՈւ հրամանատարությունը երկու ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում՝ ծառայողական քննություն են իրականացնում, կարգապահական ադմինիստրատիվ ուղղությամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկում: Վերլուծվում է իրականությունը և այդ ամենը հաշվի առնելով՝ համապատասխան որոշում է ընդունվում, ցուցումներ են տրվում հրամանատարական կազմին, նրանց անձնակազմի գծով աշխատող տեղակալներին, լինում են տույժեր, երկրորդ ուղղությունն արդեն իրավապահ կառույցներն են իրականացնում: Ընդ որում՝  հրամանատարների կողմից ընդունված նախնական որոշումները չեն կարող խանգարել իրավապահ մարմիների կողմից տարվող աշխատանքներին և հակառակը, դեռ ավելին, ծառայողական քննությունը և իրավապահների կողմից տարվող աշխատանքները հաշվի առնելով՝ նախաքննության գաղտնիության խնդիրները մեկը մյուսին լրացնում են:

Մենք ծնողներին, բոլորին հարգում և ընդունում ենք, անկախ նրանից՝ ինչ պատճառով են նրանց որդիները մահացել, զոհվել, միևնույն է, տվյալ մարդիկ կորցրել են իրենց զավակներին: Բայց կրկնեմ՝ այդ ամենն իրավապահների տիրույթում է, որովհետև հրամանատարներն իրենց աշխատանքները կատարել են, հարուցված են քրեական գործեր և այդ գործերի լիարժեք պատասխանը իրավապահ մարմինները պիտի տան: Ես հասկանում եմ, որ  ծնողների մոտ մաքսիմալ բացահայտման ցանկություն կա, բայց լիարժեք պատասխանի համար, սկսած նախաքննությունից մինչև դատական գործընթաց, պատասխանատու են իրավապահ մարմիները: Նրանք պետք է վերականգնեն վստահությունը սևազգեստ մայրերի մոտ»:

  • Կիսվել: