երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զինվորները բանակ են բերում իրենց ընտանիքի, փողոցի մշակույթը․ Արմեն Խաչատրյանը՝ ԶՈՒ-ում խնդիրների մասին

Զինվորները բանակ են բերում իրենց ընտանիքի, փողոցի մշակույթը․ Արմեն Խաչատրյանը՝ ԶՈՒ-ում խնդիրների մասին

Ինչքան էլ բարեփոխումներ իրականացվեն բանակում, ինչքան էլ դրանք արդյունքի հասնեն, բանակում միշտ հանցագործություններ եղել եւ լինելու են, այդ թվում դժբախտ պատահարներ: Այս մասին այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ուղղակի դրանք պետք է հասցվեն նվազագույնի, հնարավորինս պետք է բացառել, բայց ամբողջովին բացառել հնարավոր չէ»,-ասաց նա՝ անդրադառնալով նախօրեին բանակում միանգամից երկու մահվան դեպքերին:

«Ցանկացած նման դեպքից հետո, խնդիրները պարզելուց հետո պետական կառավարման մարմինը միջոցառումներ է ձեռնարկում, որ նպաստող պայմաններն ու պատճառները վերացվեն:

Ոչ կանոնադրական հարաբերությունները զինված ուժերում բավականին նվազել են, տարեցտարի նվազում է, բայց դա մեր ցանկալի արդյունքը չէ: Պետք է հաշվի առնել, որ այդ նույն զինվորները գալիս են քաղաքացիական կյանքից, նրանք դաստիարակություն են ստանում իրենց ընտանիքներում, դպրոցում, փողոցում եւ հանրության մեջ եղած մշակույթի փոխանցվում է բանակ՝ ավելի խտացված գույներով: Բանակը ստանում է մի սուբյեկտ, որն արդեն ունի իր արժեհամակարգը: Մեր խնդիրն է, որ բանակից հետո այդ մարդիկ այլ արժեհամակարգով, այլ դաստիարակվածությամբ, անգամ այլ ֆիզիկական տվյալներով հետ վերադառնան տուն: Բայց դա անելը բավականին դժվար է: նաեւ հաշվի առեք, որ պատերազմից հետո մեր բանակում շատ լուրջ խնդիրներ կան»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

  • Կիսվել: