երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Զինվորների ձմեռային դաշտային համազգեստի բարելավման նպատակով թանկ նյութեր են ձեռք բերել

Զինվորների ձմեռային դաշտային համազգեստի բարելավման նպատակով թանկ նյութեր են ձեռք բերել

ՀՀ զինված ուժերում զինծառայողների դաշտային համազգեստի կտորը դարձել է որակապես ավելի լավը, զինվորներից ոմանք արդեն կրում են նորը, ոմանց շուտով արդեն կհասնեն որակապես ավելի լավ համազգեստները: Առաջիկայում  նախատեսում են նաև դետալային որոշակի փոփոխություններ, մշակվել են ձմեռային դաշտային համազգեստի ավելի թեթև ու պրակտիկ նմուշներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց Զինված ուժերի թիկունքի պետ- վարչության պետ գնդապետ Ռոմիկ Մարգարյանը:
 
«Հիմա մենք դաշտային համազգեստը  բարելավել ենք: 65:35 հարաբերակցությամբ կտորի փոխարեն, 50:50 բաղադրությամբ կտոր ենք ձեռք բերել, այսինքն 50 տոկոսը բամբակ է, 50-ը` սինթետիկ: Սա որակի առումով բավականի մեծ բարելավում է: Եվ նմուշներ ենք արտադրել, ամսի 30-ին վերջնական քննարկման կդնենք ու վերջնական կորոշենք, թե որ նմուշն ենք դնում կիրառության մեջ: Կտորն արտաքին տեսքով մնում է նույնը, ուղղակի փոխվում են վրայի որոշ դետալներ: Դաշտային համազգեստից ուսադիրները հանվել էին, կոչումներն ամրացվում էին կրծքավանդակի հատվածում, հիմա մենք վերադարձրինք նորից նույն տեղը, ուսադիրներ պետք է անպայման ունենան»,-ասաց  Մարգարյանը:
 
Նա նշեց` ձմեռային դաշտային համազգեստի բարելավման նպատակով թանկ նյութեր են ձեռք բերել, ավելի թեթև, ավելի պրակտիկ, ավելի տաք նմուշներ են մշակել, վերջնական որոշումը կընդունվի ամսի 30-ին: Գնդապետը նշեց` համազգեստի արտաքին տեսքի փոփոխություններ իրենք կնկատեն, հանրությունը` ոչ:
Զինվորներն արդեն հագնում են որակապես ավելի լավ համազգեստները: Մարգարյանը նշեց` ողջ Զինված ուժերի համազգեստը դեռ չեն փոխել, բայց ընթացքում փոխվում է: Երբ համազգեստի կրելու ժամկետը լրանում է, նրանք ստանում են արդեն փոփոխված տարբերակը։
«Ձմեռային դաշտային համազգեստը ավելի թեթև, ավելի պրակտիկ է դառնում: Եվ կլուծվեն գունաթափվելու, մաշվելու խնդիրները»,-ասաց Մարգարյանն ու նկատեց` թեև այդ խնդիրը ներկայում ևս չկա: 
 
Մարգարյանը նկատեց` երբեմն զինվորների ծնողները չեն ցանկանում, որ իրենց տղաները նեղություն կրեն ու լվանան, արդուկեն համազգեստը, և գնում ու ուղարկում են նորը: Սակայն նրա խոսքով` դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Մարգարյանը վստահեցրեց` շուկայում վաճառվող համազգեստի որակը միանշանակ զիջում է իրենց տրամադրած նույնիսկ նախկին համազգեստի որակին: Իսկ ներկայում կտորի որակի բարելավմամբ խնդիրն առհասարակ վերանում է: 
Գնդապես Մարգարյանը հունվարի 28-ի առթիվ բոլորին շնորհավորեց Հայոց բանակի 28-ամյակի կապակցությամբ` ցանկանալով հարատևություն:
Հունվարի 28-ին նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակը: 

  • Կիսվել: