ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զինված ուժերի ողջ պատմության համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր. Վարչապետ

Զինված ուժերի ողջ պատմության համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր. Վարչապետ

Այսօր խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2019 թվականին բավականին լավ արդյունք են ունեցել բանակում արատավոր երևույթների կանխարգելման և կառավարման առումով:

«2019-ին, ըստ էության, Զինված ուժերի ողջ պատմության, համենայնդեպս վարվող վիճակագրության ժամանակահատվածի համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր, բայց գիտեք, որ այս տարվա մեկնարկին մենք որոշակի բռնկում ունեցանք և ամեն դեպք, իհարկե, շատ մեծ հանրային արձագանք է ստանում: Ոչ միայն հանրային արձագանք, դա առաջին հերթին մեծ արձագանք է ստանում պաշտպանության նախարարությունում, ԶՈւ-երի գլխավոր շտաբում, կառավարությունում, և մենք խնդիր ունենք, որպեսզի այս իրավիճակները, խնդիրները կառավարելու գործիքների արդյունավետությունը բարձրացնենք:

Եվ նաև վերջին շրջանի իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ գուցե թե մենք այդ երևույթների պատճառահետևանքային կապերն ավելի խորը և համապարփակ դիտարկելու, ուսումնասիրելու և եզրակացությունների գալու անհրաժեշտություն ունենք: Այս ընթացքում թեմայով զբաղվող բազմաթիվ գերատեսչություններ, ինստիտուտներ հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով, և այդ առաջարկները դասակարգելու ու դրանց վերաբեյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս հանձնախմբի գործունեության արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ բարեփոխումների ծրագիր ունենալ և համոզված լինել, որ այդ բարեփոխումները բերելու են անհրաժեշտ արդյունքների:

 «Իհարկե, այսօր արդեն մենք պետք է արձանագրենք, որ հանձնախմբի ֆորմատն այսպիսին է ձևավորվել, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հետևյալ սկզբունքը, որ ցանկացած գաղափար ենթակա է քննարկման, կարող է քննարկվել, բայց որևէ գաղափարի ներկայությունն օրակարգում և այն քննարկման սեղանի վրա դնելը դեռևս չի կարող կանխորոշել որևէ լուծում, որևէ հանգուցալուծում և քանի որ կան բազմաթիվ գաղափարներ՝ մենք ուզում ենք այդ բոլոր գաղափարները քննարկել՝ դրանց վերաբերյալ մեր վերաբերմունքը ձևակերպելու, հերքելու կամ հաստատելու նկատառումով: Այնպես որ ես հանձնախմբին հաջողություններ եմ մաղթում»,- ասել է վարչապետը:

Այնուհետև քննարկվել են հանձնախմբի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: