ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարօրինակ երևույթ ունենք, երբ Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը. Վարչապետ

Տարօրինակ երևույթ ունենք, երբ Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Իր խոսքով վարչապետը նշել է, որ այսօր, ըստ էության, հայտարարվում է հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: «Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են և անառարկելի հեղինակություն ունեն: Եվ սա հասկանալի է, բայց մենք միևնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երևույթ, երբ բանակում, Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը, և մենք որպես խնդիր ձևակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս հանձնախումբը ստեղծվել Անվտանգության խորհրդում՝ Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբի կառույցից դուրս, կառավարության ղեկավարն ասել է. «Գիտեք, որ Զինված ուժերում այս ժամանակաշրջանում տեղի են ունենում հսկայածավալ բարեփոխումներ, այդ բարեփոխումներն ընթանում են ողջ ծավալով և այդ բարեփոխումների հստակ տեսլական, ռազմավարություն և մարտավարություն կա: Իհարկե այդ բարեփոխումները պետք է շարունակվեն, և այս ընթացքում կա անհրաժեշտություն, որպեսզի մենք առաջադրված հարցին կողքից հայացք ձևակերպելու հնարավորություն ունենանք, և հանձնախումբը հենց այդ նպատակով ստեղծվել է Անվտանգության խորհրդում»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խմբի կազմում ընդգրկվել են մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները և այդպիսի մոտեցումը ցուցաբերվել է այն նկատառումով, որպեսզի քննարկումները լինեն հնարավորինս քաղաքական կոնյուկտուրայի և լարվածության ազդեցությունից դուրս: «Իհարկե այն որոշումները, մոտեցումները, որտեղ խումբը կցուցաբերի համաձայնություն, մենք կարձանագրենք, որ այդ որոշումները մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կյանքի կկոչվեն, իսկ բոլոր այն դեպքերում, երբ համաձայնություն չի արձանագրվի, մենք այդ քննարկումների արդյունքները կքննարկենք նաև Անվտանգության խորհրդում, կառավարության ֆորմատով և կփորձենք այդ հարցերում նույնպես հասնել համաձայնության»,- հավելել է վարչապետը:

  • Կիսվել: