շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականին 52 դեպքով հատուցումներ է տրամադրել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականին 52 դեպքով հատուցումներ է տրամադրել

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականի առաջին եռամսյակում 52 դեպքով հատուցումներ է տրամադրել 33 զոհված (այդ թվում` Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողների), 6 անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, 1 առաջին և 12 երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող շահառուներին։ Տեղեկությունն ասուլիսում հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը։
Նրա խոսքով` հիմնադրամը 2017–22 թվականներին 5090 դեպքով ընդհանուր տրամադրել է 71 միլիարդ դրամի հատուցում։
 
Միայն 2022 թվականին հիմնադրամը 411 դեպքով տրամադրել է 16.8 միլիարդ դրամի հատուցում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը նշեց, որ հիմնադրամը 2022 թվականին 24 տոկոս եկամտի աճ է ունեցել շնորհիվ պարտադիր վճարների, իսկ նվիրատվություններն ընդհակառակը` նվազել են 53 տոկոսով։
 
Սարգսյանն ընդգծեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 տարի ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, բայց բժշկասոցիալական փորձաքննության հետևանքով երկրորդից երրորդ կարգ տեղափոխված զինծառայողներին։
 
Սարգսյանը հավելեց նաև որ հիմնադրամը վերակազմավորման փուլում է գտնվում, պատրաստվում է առանձնանալ Կենտրոնական բանկից և դառնալ անկախ ձեռնարկություն։
Հավելենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատկացումներ տրամադրելու նպատակով:

  • Կիսվել: