շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դառնալով 24 հազար. Հայկ Սարգսյան

Ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դառնալով 24 հազար. Հայկ Սարգսյան

Ունենք վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ մեր ժամկետային զինծառայողների թիվը տարեցտարի նվազել է. վերջին 15 տարիների ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով ժամկետային զինծառայողներ, քան նախորդ տարի. սա մտահոգությունների տեղիք է տալիս: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Նույնիսկ դաշտը չկարգավորվելու դեպքում, այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում ծառայել, նրանք չեն ծառայում, լքում են երկիրը, հրաժարվում են հաճախ քաղաքացիությունից», - ասաց պատգամավորը։

Հայկ Սարգսյանը ներկայացրեց 2010-2019 թթ ժամկետային զինծառայողների վերաբերյալ տվյալներ. «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող և հետագա 9 տարիների ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով։ Զինծառայողների թիվը 44 հազարից դարձել է 24 հազար»։

Դիտարկմանը, որ առաջարկվող նախագծով կխթանվի արտագաղթը, քաղաքացիները մանուկ հասակում կլքեն երկիրը, որպեսզի մեծ տարիքում գան, վճարեն նխատեսված գումարը եւ ազատվեն քրեական պատասխանատվությունից, պատգամավորն ասաց. «Այդ դեպքում քաղաքացին պետք է Հայաստանը լքի մինչեւ 18 տարեկանը լրանալը եւ հետախուզման մեջ ապրի 9-10 տարի, որից հետո վերադառնա եւ ազատվի քրեական պատասխանատվությունից: Սա ես քիչ հավանական եմ համարում, որովհետեւ 10 տարի հետախուզման մեջ մնալն այդքան էլ հեշտ գործ չէ»:

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարել 15 մլն դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Նախագիծը թույլ է տալիս նաեւ վճարել 2,5 մլն դրամ եւ ծառայել մեկ տարի, կամ վճարել 5 մլն դրամ եւ ծառայել 6 ամիս, վճարել 10 մլն դրամ եւ ծառայել 1 ամիս:

  • Կիսվել: