երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տրամադրությունս մարտական է և հանգիստ, կատարում եմ ինձ հանձնարարված համապատասխան խնդիրները․ Սեյրան Օհանյան

Տրամադրությունս մարտական է և հանգիստ, կատարում եմ ինձ հանձնարարված համապատասխան խնդիրները․ Սեյրան Օհանյան

Ես վիրավոր չեմ, ինձ հանձնարարված պարտականությունների շրջանակում, նաև կամավոր կերպով կատարում եմ համապատասխան խնդիրներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր առավոտյան անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, թե իբրև Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը վիրավորվել է։

 

«Պատերազմն ունի իր առանձնահատկությունները, ինչու չէ, նաև՝ պատերազմական գործողությունների դժվարությունները, դաժանությունները, բայց այդ ամենը մեր հայրենիքի, նաև արցախյան հատվածի պաշտպանության համար է։ Խոնարհվում եմ բոլոր զոհված տղաների և վիրավորների առջև, որոնց մեջ նաև հենց ինձ մոտ կանգնած շատ մարդիկ կան», - ասաց Սեյրան Օհանյանը։

Արցախի հերոսը նշեց նաև, որ հայ ժողովուրդը բոլոր զինծառայողների, սպաների, զինվորների ծնողները, հարազատները հասկանում և հպարտորեն տանում են այն հերոսների սխրագործությունները, որոնք հաջողություններ են բերում հայ ժողովրդին։

 

«Իմ տրամադրությունը մարտական է, հանգիստ, որովհետև ռազմական ղեկավարությունը սիրում է հանգստություն և սառնասրտություն», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ Օհանյանի ծառայակից ընկերներից մեկը զոհվել է, մյուսը վիրավոր է։

  • Կիսվել: