հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը, սակայն մենք կարողացանք ապահովել տոտալ  պատսպարում. Հայկ Չոբանյան

Թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը, սակայն մենք կարողացանք ապահովել տոտալ  պատսպարում. Հայկ Չոբանյան

Վաղ առավոտվանից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ բնակավայրերը` Բերդ քաղաքն ու Տավուշ գյուղը: Այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այսօր բավականին ծանր օր ենք ունեցել, վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ բնակավայրերը, Տավուշ գյուղն ու Բերդ քաղաքը: Համայնքի քաղպաշտպանությունը լավ է աշխատել և դրա շնորհիվ է, որ մենք մինչև օրվա երկրորդ կես կարողանում էինք պատսպարվել և խուսափել վատ հետևանքներից, սակայն, ցավոք սրտի, օրվա երկրորդ կեսին մենք ունեցանք վիրավոր Չինարի գյուղում»,- նշեց մարզպետը։

Ըստ նրա, ԱԻՆ աշխատակիցները մոտեցել էին օգնություն ցուցաբերելու վիրավորին, այդ ժամանակ էլ թիրախավորվել  է ԱԻՆ-ի ավտոմեքենան: Ռմբակոծումն իրականացվել է ԱԹՍ-ներից:

«Այսօրվա քաղպաշտպանությունն ու պատսպարումը յուրահատուկ էր վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև երկրորդ կեսին հիմնված էր ԱԹՍ-ներից պատսպարվելու պահանջի վրա: Սա նորություն էր մեզ համար, քանի որ այս պարագայում թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը, սակայն մենք կարողացանք ապահովել տոտալ պատսպարում»,- ասաց Հայկ Չոբանյանը:

Մարզպետը հայտնեց, որ այս օրերի ընթացքում եղել է վնասման 51 դեպք, որոնցից 4-ը` ենթակառուցվածքային, 4-ը` տրանսպորտային միջոցների, 2-ը` ընտանիք կենդանիների և 41-ը` շինությունների:

«22 շինություն, միայն, վնասվել է այսօր, դրանցից 2-ը լիարժեք վերականգնման է ենթակա»,- նշեց մարզպետը:

Հայկ Չոբանյանը դատապարտեց քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգությունը՚

Մարզպետը տեղեկացրեց նաև, որ վիրավոր քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

  • Կիսվել: