շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքի մարզում վերջին շաբաթների ընթացքում չի եղել սահմանային այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզում վերջին շաբաթների ընթացքում չի եղել սահմանային այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ․ Սյունիքի մարզպետ

Սյունիքում անվտանգային իմաստով այն վիճակն է, որը բոլորին հայտնի է։ Վերջին շաբաթների ընթացքում սահմանային որևէ  միջադեպ չունենք արձանագրված։ Սյունիքում չի եղել այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ 

Հարցին՝ արդյո՞ք մարզպետը կարողանում է պաշտպանել իր մարզի բնակիչներին՝ հատկապես անվտանգային նման խնդիրների պարագայում, Ղուկասյանը պատասխանեց․ «Ես պաշտպանում եմ շարքային սյունեցուն այնքանով, որքանով իմ լիազորությունները թույլ են տալիս  և այդ մասով իմ աշխատանքային ժամանակի գրեթե 90 տոկոսն անցնում է սահմանամերձ բնակավայրերում, դրա մասին գիտեն Սյունիքի մարզի սահմանամերձ բոլոր բնակավայրերի բնակիչները»։ 

Իսկ արդյո՞ք Սյունիքի  Տեղ գյուղում, որտեղ ադրբեջանցիները առաջ էին եկել՝ այժմ իրականացվում են սահմանագծման և սահմանազատման որոշակի աշխատանքներ․ «Քանի որ այդ հատվածը քաղաքացիական անձանց համար, բնականաբար, այն հատվածն է, որտեղ չենք կարող գնալ, այդ հարցի հասցեատերը պետք է լինեն համապատասխան կառույցները»,- պատասխանեց մարզպետը։

Խոսելով Տեղ գյուղի  դիրքերում  ինժեներական աշխատանքներ իրականացնելու մասին՝ մարզպետը նշեց, որ նման աշխատանքներ, իր տեղեկություններով, մերթընդմերթ երկու կողմից էլ իրականացվում են՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական։  

  • Կիսվել: