շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սպառազինության հարցով ինչքան քիչ խոսենք, այնքան լավ․ Խաչատրյան

Սպառազինության հարցով ինչքան քիչ խոսենք, այնքան լավ․ Խաչատրյան

Ես բազմիցս խնդրել եմ, որ սպառազինության հարցով ինչքան քիչ խոսենք,այնքան լավ: Եթե ես խնդրում եմ, որ դուք քիչ խոսեք, և մենք բոլորս քիչ խոսենք, նշանակում է՝ գործընթաց կա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ընդդիմությունը խոսում է, որ բանակում իրականացված բարեփոխումները տեսանելի չեն:

«Եթե գործընթաց չլիներ, մենք կարող էինք անվերջ այդ մասին խոսել, եզրահանգումներ անել, լուսաբանումներ անել: Եթե չենք անում, ուրեմն՝ գործընթաց կա: Խնդրում եմ, ինչքան շատ խոսենք, այնքան վնասելու ենք»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև որպես հակադարձում բանակում բարեփոխումների ոչ տեսանելի լինելու մասին հարցին, ընդգծեց նաև, որ բարեփոխումներ են ռազմական ակադեմիայի 3 սենյականոց բնակարանները,  ատեստավորմամբ աշխատավարձերի բարձրացումը:

Լրագրողի այն հարցին, թե խաղաղ պայմաններում զոհեր ունենալն արդյո՞ք չի խոսում լուրջ խնդիրների և բարեփոխումների չիրականացման մասին, Խաչատրյանն ասաց՝

«Ռազմական դրությունից հետո, ցանկացած ռազմական իրավիճակներից հետո, մարտական գործողություններից հետո նախ և առաջ նոր պաշտպանական գոտիների ստեղծման, նոր տեղակայման վայրերի կահավորման ստեղծման խնդիր է առաջանում: Երբ տեղի են ունենում ռազմական գործողություններ, այդ հատվածում առաջնային խնդիրը դեռևս բարեփոխումը չէ, այլ առաջնային պահանջների կատարումը:

Մենք ամեն անգամ, ամեն ռազմական գործողություններից հետո հանդիպում ենք, առճակատվում ենք նոր իրողության և այդ իրողություններով պայմանավորված մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ժամանակ են պահանջում»,-նշեց ՔՊ  պատգամավորն ու շեշտեց, որ բանակում լուրջ բարեփոխումներ են իրականացվում:

Լրագրողի պնդմանը, թե գործընթացը դանդաղում է, Արմեն Խաչատրյանն շեշտեց՝ որպեսզի մենք հասկանանք դանդաղում են, թե չէ, մենք պետք է մեջը լինենք և հասկանանք ինչ ծավալի գործողություններ են արվում:

«Հարգելիներս, 100-ավոր կմ ճանապարհներ են կառուցվում, ես չեմ ասում այն ճանապարհները, որոնք բնակչության համար են նախատեսված, ռազմական նշանակության հարյուրավոր կմ ճանապարհներ են կառուցվում՝ լեռնային և բարձր լեռնային հատվածներում, ուղղակի, ցավոք, ոչ բոլորին է դա տեսանելի, և այդպես էլ պետք է լինի, դա այնքան էլ հրապարակման ենթակա չէ, բայց, հավատացեք, որ ես այդ աշխատանքները տեսել եմ, և որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ՝ ես գոհ և զարմացած եմ մնացել, թե ինչպես կարելի է այդ լեռնային պայմաններում՝ 2-3 կմ բարձրության վրա այդպիսի ահռելի աշխատանք իրականացնել»,-նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով, սակայն, այդ աշխատանքները հեռու են բավարար լինելուց և ինտենսիվ աշխատանքներ են տարվում բոլոր հարցերի լուծման ուղղությամբ, բայց ժամանակ է պետք:

«Հավատացեք, ամենասուղ բանը, որ այսօր դրա կարիքն ունենք՝ ժամանակն է»,- ասաց Արմեն Խաչատրյանը:  

  • Կիսվել: