շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
44-օրյա պատերազմում ոտքը կորցրած սպային զրկել են կարգից ու ամենամսյա փոխհատուցումից

44-օրյա պատերազմում ոտքը կորցրած սպային զրկել են կարգից ու ամենամսյա փոխհատուցումից

Պահեստազորի սպա, լեյտենանտ Արամ Քալանթարյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկն է, ով վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում և կորցրել ստորին վերջույթներից մեկը։ Հրաշքով ողջ մնացած պահեստազորի սպան պատերազմի ավարտից հետո կանգնել է խնդիրների առաջ։

Վերջինս 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զորակոչվել է բանակ։ Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նշանակվել է հատուցում։

Զինվորների ապահովագրության հիմնադրամից և ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից ստացել է հավաստիացումներ, որ նշված ամենամսյա հատուցումները վճարվելու են 20 տարվա ընթացքում, անընդմեջ, սակայն հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2-րդ կարգը փոխարինվել է 3-րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել են նաև Զինվորների ապահովագրության հիմնադրամի հատուցումները։

Արամ Քալանթարյանին վերափորձաքննության ժամանակ ներկայացվել է ինչ-որ ցուցակ, ըստ որի մեկ ոտքի բացակայության դեպքում 2-րդի փոխարեն 3-րդ կարգ է սահմանվում, եթե այլ՝ ուղեկցող հիվանդություններ չկան։ 

Հաշմանդամության կարգը որոշելիս բացարձակապես հաշվի չի առնվել այն փաստը, որ հաշմանդամությունը ձեռք է բերվել մարտի դաշտում և արտադրական կամ կենցաղային տրավմա չէ։

Երկու զավակների հայրը դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն, ինչպես նաև պաշտպանական գերատեսչությանը՝ շտապ և արտահերթ կարգով վերանայելու զինհաշմանդամներին տրամադրվող հաշմանդամության կարգի չափորոշիչները, վերանայելու մինչև այժմ փոփոխված հաշմանդամության կարգ ունեցող անձանց կարգավիճակը, վերականգնելու Հիմնադրամի հատուցումները։

 

  • Կիսվել: