հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ORSIS-ի ղեկավարը ՀՀ-ում մենաշնորհ պահանջելու մասին լուրերը կեղծ է անվանել

ORSIS-ի ղեկավարը ՀՀ-ում մենաշնորհ պահանջելու մասին լուրերը կեղծ է անվանել

Տեղեկությունն այն մասին, որ ռուսական ORSIS ընկերությունը՝ Պրոմտեխնոլոգիան, իբրև թե պահանջել է ՀՀ ՊՆ-ից մենաշնորհ՝ հրաձգային զենքի շուկայում՝ փամփուշտի գործարանի կառուցման դիմաց, իրականությանը չի համապատասխանում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ORSIS-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Զլոբինը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ ORSIS-ն առաջարկել է կառուցել Հայաստանում փամփուշտի արտադրության իր գործարանը՝ ռուսական ներդրումներով: Դրա դիմաց ռուսական ընկերությունը պահանջել էր ՀՀ ՊՆ-ից 10 տարվա մենաշնորհ և մերժում էր ստացել:

Զլոբինը նաև նշել է, որ իրենք վերջերս բախվել են հայկական մամուլում այս հարցի հետ կապված շահարկումների հետ, իբրև թե ներդրումների դիմաց իրենք պահանջել են տեղական հրաձգային զենքի շուկայում մենաշնորհլ: «Դա միանգամայն անհիմն է, հայկական կողմի հետ մեր բոլոր հանդիպումները ֆիքսված են արձանագրություններով և նամակներով, մենք ոչ մի անգամ մենաշնորհ չենք պահանջել»,-ասել է Զլոբինը:

Նա նաև նշել է. «Եթե ներդրողը ներդրում է կատարում արտադրության մի ճյուղում, որը երկրում դե ֆակտո գոյություն չունի, նա իրավունք ունի խնդրելու իր համար որոշակի արտոնություններ»: Մինչդեռ ներդրումները նախագծում, Զլոբինի խոսքով, միայն ռուսական են:

Տապալված տենդերի հետաքննությունը, Զլոբինի կարծիքով, անարդարացի կերպով ձգձգվել է: «Քննչական կոմիտեում մեր գործի հետաքննությունը անարդացի կերպով երկարել է ուղիղ չորս ամիս, այդ ողջ ընթացքում ոչ մի կոնկրետ կասկածյալի անուն չի տրվել, գործն ակնհայտորեն ձգձգվում էր: Դրա իրական պատճառները առանձին դեռ կպարզվեն»,-ասել է նա:

«ORSIS-ի հայցով գործը Քննչական կոմիտեից տեղափոխել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»,-հավելել է Զլոբինը:

Ինչպես հաղորդվել է՝ Ռուսաստանի Արտադրության ու առևտրի նախարարությունը ՀՀ ՊՆ-ին նամակ է հղել այն մասին, որ ORSIS-ի՝ տենդերին մասնակցելու հայտը «առանց հիմնավոր պատճառների» մերժվել է, իսկ ընկերությունն «առանց պատճառի ընդգրկվել է անբարեխիղճ մատակարարների ցանկում»: Արտադրության ու առևտրի նախարարությունը խնդրել է ՀՀ իշխանություններին պարզել ստեղծված իրավիճակը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրերս ԱԺ-ում խոսելով այդ մրցույթի հետ կապված հարցին, հայտարարել է, որ գործում եղել է հանցավոր արարք. «Ում կողմից և ինչ ծավալի է եղել այդ հանցավոր արարքը, կպարզի քննությունը»: Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի` ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել Հայաստանին:

 

  • Կիսվել: