ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ո՞րն է ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության իրական պատճառը․  աղբյուր

Ո՞րն է ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության իրական պատճառը․ աղբյուր

Ռազմական ոստիկանության արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկությունը ֆորմալ առումով կապվեց բանակում վերջին շրջանում  արմատացած ոչ առողջ դրսևորումների հետ, մինրդեռ այդ որոշման իրական պատճառները այլ են։

Ինչպես InfoPort-ին հայտնեց պաշտպանական ոլորտի իր աղբյուրը՝ Ռազմական ոստիկանությունում  արմատացած լուրջ խնդիրներ են եղել, որոնք Բաղդասարյանի պաշտոնավարման օրոք լուծումներ չեն ստացել։

Ինչպես նշում է կայքի զրուցակիցը, որը համակարգի նախկին աշխատող է եղել, ՌՈ-ում պաշտոններ ստանալու համար խոշոր չափի գումարներ են «մուծվել» Բաղդասարյանին։ Մասնավորապես, նրա փոխանցմամբ, ՌՈ աշխատակիցներ Ազատ Մուրադյանը, Գագիկ Ղուկասյանը Բաղդասարյանի գլխավորությամբ խոշոր գումարներ են շրջանառել՝ այլ անձանց համակարգում պաշտոնների նշանակելու համար։ «Մինչև վերջերս էլ այդ իրավիճակն է եղել. Բաղդասարյանը պաշտոնից ազատվելուց առաջ Արարատի ՌՈ պետ է նշանակել ու դրա դիմաց մեծ գումարներ ստացել», - նշեց մեր աղբյուրը։

Արթուր Բաղդասարյանին պաշտոնազրկելը լավագույն ու վաղուց հասունացած քայլ է, հավաստում է մեր զրուցակիցը։ «Բացի այս երևույթներից, կան նաև այլ խնդիրներ՝ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բլոկը գրեթե չի աշխատում, պաշտոնների են նշանակել մարդկանց, ովքեր չեն հասկանում խնդիրները, չեն տիրապետում իրավիճակին, որովհետև նրանց ուշքն ու միտքը փող աշխատելն է», - հավաստում է ՌՈ համակարգի նախկին ներկայացուցիչը։

Ըստ նրա համակարգի նախկին և ներկա աշխատակիցներ երկու տարի տարբեր ատյաններին բողոք նամակներ են ներկայացրել ՌՈ-ում տիրող բարքերի մասին, սակայն ոչ մի արդյունք։ Բացի այդ, խնդիրը ներկայացրել են Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, սակայն ոչ մեկ չի կարողացել ընթացք տալ այդ բողոքներին։ Ի՞նչու, մնում է միայն կռահել։

«Բաղդասարյանին էդ պաշտոնին նշանակել է տվել Սերժ Սարգսյանի Վաչոն (պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը)։ Առանց փողի ոչ մեկի չէին նշանակի։ Գեներալի կոչում էլ Փաշինյանը տվեց։ Պետք է չտային, պետք է նայեին արած-չարածը, պետք է ընթացք տային դիմումներին, չէ որ ամեն քայլափոխին հայտարարում են, որ իրավիճակ է փոխվել։ Բա պետական որոշումները էդպես ոտքի վրա կկայացնե՞ն։ Չէ որ Բաղդասարյանի օրոք բանակում հանցագործությունները շատացել են, իսկ Ռազմական ոստիկանության նշանակությունը ո՞րն է՝ պաշտպանական ուժերում հանցագործությունների կանխումը։  Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա եթե զորամասում սպասարկող օպերատիվ աշխատողը տեղում լինի, ինքնասպանություն չի կարող լինել։ Լավ, մեկ-երկու դեպք կարող է լինել, բայց էսքան շա՞տ»,- շարունակում է մեր զրուցակիցը։ 

Բայց կաշառքով պաշտոն ստանալու դեպքերով չի ավարտվում ՌՈ-ում հնարավոր հանցագործությունների շարքը։ Մեր զրուցակցի խոսքով, բենզինը «կրել-տարել» են ու պատասխանատուներին ստիպել ստորագրել, թե իրենք են ստացել վառելիքը։

ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2017 թվականին և ազատվեց միայն օրերս՝ բանակում վերջին շրջանում գրանցված ինքնասպանությունների դեպքերից հետո։ Նրան շուրջ մեկ ամիս առաջ բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայորի զինվորական կոչում էր շնորհվել։

  • Կիսվել: