հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նոր մանրամասներ «խոտան» ավիացիոն հրթիռների գործով. Ինչու է նախաքննական մարմինը համառում փորձաքննություն նշանակելու հարցում

Նոր մանրամասներ «խոտան» ավիացիոն հրթիռների գործով. Ինչու է նախաքննական մարմինը համառում փորձաքննություն նշանակելու հարցում

«Խոտան» ավիացիոն հրթիռների գնման «փաստով» հարուցված քրգործով, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը և ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, դեռևս ոչ մի առաջընթաց չկա, գործից փաստացի բացակայում է ապացուցողական բազան: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Դացիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:
 
«Գործը հարուցվել է այն հիմքով, որ ՊՆ-ի կողմից մատակարար ընկերությունից գնված հրթիռները, իբրև թե եղել են անսարք և խոտան, սակայն ինչի հիման վրա է նախաքննական մարմինը եկել այդ եզրահանգման անհասկանալի է: Այդ իսկ պատճառով մենք բազմիցս հանդես ենք եկել փորձաքննություն նշանակելու պահանջով:
 
Ըստ էության հենց մեղադրյալի կողմը պետք է շահագրգիռ չլիներ փորձաքննություն անցկացնելու մեջ, բայց մենք այնքան վստահ ենք մեր մատակարարած ապրանքի որակի վրա, որ պատրաստ ենք փորձաքննության (փորձաքննության պահանջ ներկայացրել էին նաև մյուս երկու մեղադրյալների ներկայացուցիչները, խմբ.): Սակայն ի զարմանս մեզ նախաքննական մարմինը այդ հարցում համառում է: Քննիչը կարծես համաձայնել էր փորձաքննություն անցկացնելու գաղափարին, սակայն նախորդ դատական նիստի ժամանակ տեղեկացանք, որն անհայտ և անհասկանալի պատճառներով նա այդ մտքից հրաժարվել է»,- պարզաբանեց փաստաբանը` միևնույն ժամանակ նշելով, որ ուշ, թե շուտ փորձաքննություն պետք է նշանակվի, քանի որ գործի համար ապացուցողական բազա է պետք:
 
«Ուղղակի անհասկանալի պատճառներով ժամանակ են ձգում»,- հավելեց նա:
 
Փաստաբանը նաև նշեց, որ գրեթե նույն իրավիճակն է Գալստյանի նկատմամբ հարուցած նախորդ քրգործով, որով նա դարձյալ մեղադրվում է ՊՆ-ին շուկայականից թանկ գներով «ժամկետանց, անպիտան» զինամթերք մատակարարելու մեջ:
 
«Նախորդ քրգործով էլ բավական ժամանակ պահանջվեց մինչև նշանակվեց փորձաքննություն: Սակայն երբ փորձաքննությունը ապացուցեց զինամթերքի պիտանի լինելու փաստը, գործը ըստ էության մտավ փակուղի, բայց և անհասկանալի պատճառներով չկարճվեց:
 
Հիմա ստացվել է այնպես, որ գործը բաց է, սակայն ապացուցողական բազայի բացակայության պայմաններում առաջ չի գնում: Թե սա ինչ շահագրգռվածություն է, ում կողմից և ինչ նպատակ է հետապնդում, բացի ՀՀ-ի շահերին վնասելուց, այն իմաստով, որ կիսապատերազմական վիճակում գտնվող մեր երկրում դադարում են ռազմական մատակարարումները, ես չեմ հասկանում»,- ընդգծեց փաստաբանը:
 
Մինչդեռ ՊՆ-ում մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասներ հաղորդեցին այս հրթիռների հետ կապված: Նախ` ըստ աղբյուրի, հայկական բանակը հիմա էլ ունի այդ ավիացիոն հրթիռների կարիքը և միշտ էլ ունեցել է, և այն փաստը, որ ներմուծված խմբաքանակի մի մասը տարիներ շարունակ մնացել է ՊՆ պահեստում, պայմանավորված է եղել ոչ թե նրանով, որ դրանք «խոտան էին» կամ դրանց կարիքը չկար, այլ նրանով, որ դրանք ձեռք բերելու համար անհարաժեշտ գումար չկար:
 
«Ասեմ ավելին, ՊՆ պահեստում պահվող հրթիռների մի խմբաքանակ ՄԱԿ-ի թույլտվությամբ շատ ավելի բարձր գնով մատակարար ընկերությունը արտահանել է երրորդ երկիր և այնտեղից ոչ մի բողոք չի եղել զինամթերքի որակի հետ կապված: Իմ տեղեկությամբ, հետագայում էլ մատակարար ընկերությունը ցանկացել է արտահանել ՊՆ պահեստում պահվող այդ հրթիռների նոր խմբաքանակներ, սակայն նրան արգելել են դա անել, այն նկատառումներից ելնելով, որ ՀՀ-ն էլ դրանց կարիքը ունի և ուշ, թե շուտ ֆինանսների առկայության դեպքում պետք է ձեռք բերի այդ զինամթերքը»,- մանրամասնեց մեր աղբյուրը:
 
Նա նաև պնդեց, որ հրթիռների այն խմբաքանակը, որը ՊՆ ձեռք էր բերել մինչև 2018 թվականը հաջողությամբ փորձարկվել է ուսումնավարժանքների ժամանակ և դրանց հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Իսկ 2018 թվականից հետո ձեռք բերված խմբաքանակը օգտագործվել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ և դրանց հետ կապված դարձյալ ոչ մի խնդիր չի եղել:
 
Նշենք, սակայն, որ ըստ քրգործի, այդ հրթիռները արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ չեն գործածվել: Սակայն մեր զրուցակիցը պնդեց, որ հրթիռների պատերազմի ժամանակ օգտագործվելու փաստի վերաբերյալ կան փաստաթղթային ապացույցներ:
 
 
 
 

  • Կիսվել: