ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարդկությունը իր ստեղծման օրվանից անընդհատ պատերազմում է. Արծրուն Հովհաննիսյան

Մարդկությունը իր ստեղծման օրվանից անընդհատ պատերազմում է. Արծրուն Հովհաննիսյան

Մարդկությունը իր ստեղծման օրվանից անընդհատ պատերազմում է և իր վարած մարտերը ուսումնասիրում՝ վերածե­լով այն գիտության: Չնայած դրան՝ միևնույն է, ամեն մի նոր մարտական գործողություն նոր գիտափորձ է: Մեծ գիտափորձ է հոգեբանության, սոցիոլոգիայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, զինա­գործության և բազում այլ գիտությունների ոլորտներում միաժամանակ: Այս մասին ասված է Արծրուն Հովհաննիսյանի ՛՛Հատվածներ Ռազմարվեստ աշխատության՛՛, հատոր երկրորդ, ՛՛Ցամաքային ճեղքում՛՛ գրքում։

Այս գիտափորձն առանձնանում է նրանով, որ այստեղ ի սկզբանե անհայտներ շատ կան, և արդյունքներն էլ պայմանավորված են բազում հանգամանքներով, սակայն ամեն մի գիտափորձի նման դրա արդյունքները համակարգվում են ու գիտականացվում:

Պատերազմում երեք սուբյեկտ կա, որոնց ճիշտ օգտագործումը և հատ­կապես համադրումը հանգեցնում են վերջնական հաջողության: Դրանք յուրա­քանչյուր բանակի մարտունակության, երկրի պաշտպանունակության ցուցա­նիշն են ապահովում:

Առաջինը մարդն է իր ոգով, այլ կերպ ասած՝ հաղթելու կամքով, երկրոր­դը՝ նույն մարդու անսահման կատարե­լա­գործվելու կարողությունը, այլ կերպ ասած՝ մարտական հմտությունը, արհեստավարժությունը, ռազմական, մար­տական պատ­րաս­տությունը, երրորդը՝ կրկին մարդու կողմից ստեղծված զեն­քը, որը կարող է լինել գերժամանակակից կամ հին, սակայն կարող է և ընդ­հանրապես չլինել:

Իհարկե, զենքի իսպառ բացակայությունը որոշիչ կարող է լինել միանգա­մից, սակայն այդպես գրեթե չի լինում:

Կարող է լինել նաև այնպես, որ մարդու կողմից կիրառված զենքի մակար­դակը այնքան տարբերվի հակառակորդից, որ միանգամից որոշի պատերազմի ելքը, ինչպես եվրոպացիների կողմից Ամերիկայի գրավումը կամ անգլո-զու­լու­սական, անգլո-սուդանական պատերազմները, սակայն դրանք՝ որպես քաղա­քակրթությունների բախման օրինակներ, շատ քիչ հանդիպող դեպքեր են:

Այս ամենին ավելանում է ևս մեկ գործոն, որը սակայն առանձին ի հայտ չի գալիս, այլ կազմում է հավելում ու ավելի շատ ռազմավարական հար­թու­թյանն է վերաբերում: Խոսքը խելամիտ քանակի կամ հարաբերակցության մա­սին է, եթե բանակները ունեն քանակական համապատասխան հարաբե­րակ­ցություն: Այս լրացուցիչ գործոնը իր բնույթով երեք գործոնի հետ հարա­բերվում է տարբեր կերպ. եթե զուտ մարտավարական ու օպերատիվ հարթու­թյան մեջ է, ապա հարաբերվում է, բայց քիչ, իսկ եթե ռազմավարական հար­թություն է տե­ղափոխվում, այսինքն՝ պետության պաշտպանունակությանն է վերա­բերում, դրա դերն սկսում է ավելի կարևորվել:

Այս սուբյեկտները պատերազմում ռազմավարական կարևոր գործոններ են, որոնք ամեն անգամ չէ, որ այս դրսևո­րումն ունեն: Ոմանք դրանց կարող են անվանել նաև մարտավարական գործոններ, սակայն դրանց սահմաններն ու որակում­ները տատանվում են մարտավարականից մինչև ռազմավարական՝ իրավիճակով և այլ հանգամանքներով պայմանավորված: Օրինակ՝ զենքը կա­րող է լինել ինչպես սովորական՝ ձեռքի, որն իր տեսակով մարտավարական է, և ատոմային մարտա­գլխի­կով հրթիռ, որն արդեն ռազմավարական նշանա­կու­թյան զենք է: Նույնը վերաբերում է մարտական հմտությանը: Շարքային զին­վորի կամ կրտսեր հրամանատարի հմտությունները հիմնականում հարկավոր են մարտավարական խնդիրներ լուծելու հա­մար, սակայն մի քանի հազար զին­վորների նույն հատկանիշները ռազմավարական գործոններ են: Միևնույն ժա­մանակ մեկ զո­րա­վարի հմտությունները ռազմավարական ռազմագործո­ղու­թ­յունների ղեկավարման, պատերազմներում հաղթելու համար են նախատես­ված և արդեն պետական, ռազմավարական նշանակություն ունեն: Նույնը վե­րաբե­րում է նաև մարտական ոգուն: Մեկ կամ մի քանի տասնյակ զինվորների, ապա­գա զինվորների բարձր ոգին մարտավարական գործոն է, սակայն մի քա­նի հա­զարինը, ամբողջ երկրի բնակչության կամքը՝ ռազմավարական: Այ­սինքն՝ քա­նակական գործոնը տալիս է իր նշանակության աճի ու բնույթի ար­դյունքը: Ոգու հատկանիշն իր առավելությունը ունի նաև այստեղ, այն գրեթե չունի միջին, օպերատիվ նշա­նակություն: Առհասարակ ապագա պատերազմնե­րում միջին՝ օպերատիվ մակարադակն զգալիորեն կթուլանա՝ իր որոշ գոր­ծա­ռույթներ տալով ներքևի ու վերևի օղակներին: Սա քննարկման առանձին թեմա է: Այս երեք գործոնը, իրար հետ միա­սին կամ առանձին հարաբերվելով, ստեղ­ծում են մյուս գործոնները, որոնք երբեմն դիտարկվում են առանձին կամ ավելի կա­րևոր: Օրինակ՝ երկրորդ ու երրորդ գործոնների համադրմամբ է ստացվում լավ կապն ու կառավարման համակարգը, քողարկումը, հետախուզությունը և այլն:

Իհարկե, փիլիսոփայական որոշ դպրոցների ներկայացուցիչներ կարող են ասել, որ այս առաջինը մարդն է, իսկ եր­կուսն էլ մարդու ստեղծածն են, դրան­ցից միայն մեկն է շոշափելի, նյութական, հետևաբար որպես առանձին սու­բյեկտ դիտար­կելը սխալ է: Կամ կարող են ասել, որ մեծ քանակները միան­գա­մից ամեն ինչ որոշում են: Միգուցե սենյակներում ծա­վալվող բանավեճերում նրանք իրա­վացի լինեն, սակայն ռազմական գործում, կոնկրետ ռազմադաշ­տում դա այդպես չէ: Իդեա­լական բանակները իհարկե ունեն գործի փայլուն գիտակ զորավար­ներ ու զինվորներ, որոնց լավ են սովորեցրել մարտ վա­րե­լը, նրանց ոգին բարձր է, հաղթելու կամքը՝ երկաթյա, զենքը՝ գերժամանակակից ու բոլոր պայմաննե­րին համապատաս­խա­նող, սակայն իրականում նման բա­նակները քիչ են հան­դիպում պատմության մեջ: Հավանաբար հենց այդպիսին են եղել կամ դրան մոտ են եղել արիական բանակները, որ հասել են մինչև աշ­խարհի ծայրը: Մի­գուցե նման բանակների են առաջնորդել ժամանակին ռազ­մական գործի ռահ­վիրաներ Մակեդոնացին, Հաննիբալը, Չինգիզ Խանը, Նա­պոլեոնը և այլք: Նրանց ցուցա­կը շատ մեծ չէ: Միգուցե նման բանակ էր ամե­րիկյան բա­նակը, որը, 2003 թ. ունենալով հակառակորդից մի քանի անգամ քիչ ցամաքա­յին ուժեր և ապահովելով պատմության մեջ ամենաերկար ու ամենա­անխոցելի հաղոր­դակցության ուղիները, կայ­ծակ­նային արագությամբ հաղթա­նակեց աշ­խարհի հնագույն կենտրոնում, ուր ժամանակին տարածվում էր Բա­բելոնը: Սո­վո­րա­բար ամեն անգամ չէ, որ այդպես է լինում: Միևնույն է, որոշիչը ոգին է: Մակեդոնա­ցին ավելի քան տասը տարի վարում էր անդադար հաղթա­կան ար­շավանքներ և ամենուր նրա զորքի մարտական ոգին հավասարը չու­ներ, սա­կայն երբ նրանք կորց­րին այդ պատերազմի շարժառիթը և առաջին ան­գամ իրենց արքային հարցրին, թե ի վերջո ինչու են հասել աշխարհի ծայ­րը, ամեն ինչ ավարտվեց շատ արագ: Ամերիկյան բանակը, հավատալով իր բացա­ռիկութ­յա­նը, 2003 թ. քառասուն օրում վա­րելով աշխարհի ամենաարագ, ամե­նատեխնո­լոգիական և նորարարական պատերազմը, գրավեց ամբողջ Իրաքը, սակայն հա­ջորդ օրվա­նից արդեն ամերիկյան բանակի զինվորները, չիմանալով իրենց առաքելության իմաստը, գցեցին ամերիկյան բանակի մարտական ոգին և բա­րոյահոգե­բանական աստիճանը, չնայած երեք գործոնից դեռ երկուսը շատ բարձր էին:

Աշխարհի և բոլոր ժամանակների բանակների զգալի մասի դեպքում այս երեք գործոնից առնվազն մեկը, որոշ դեպքե­րում՝ նաև երկուսը, անհրաժեշտ մա­կարդակի չէ: Փորձը ցույց է տվել, որ մեկ գործոնի բացակայության կամ ան­հրաժեշտ մա­կարդակ չապահովելու դեպքում այդ բանակի կիրառության գործը ծանրանում է, սակայն կործանարար ավարտ չի ունե­նում, եթե բացակայող կամ թերացող գործոնը ոգին կամ կամքը չէ: Այս գործոնը մյուս երկուսի և նույնիսկ քանակի նկատ­մամբ մեծ առավելություն ունի, որը բխում է մարդու ներքին բնույթից: Ինչպես հիվանդության դեմ պայքարելիս, սպորտային մրցումներում, այնպես էլ ռազմական գործում կամքը, ոգին վճռորոշ նշանակություն ունեն: Սա երեք գործոնից միակն է, որը կարող է փոխարինել, լրացնել երկուսի միաժա­մանակյա պակասը: Այսինքն, եթե չունես լավ զենք կամ լավ պատրաս­տու­թյուն, չունես զորքի մեծ թվաքանակ կամ երեքը միաժամանակ, սակայն հաղթելու կամքը շատ բարձր է, ապա հաղթանակի հաս­նել հնարավոր է, բարդ է, բայց հնարավոր է:

Նապոլեոնն ասում էր, որ ոգին հարաբերվում է ֆիզիկական ուժի հետ երեքը մեկի հարաբերությամբ: Չնայած մեր կարծիքով հարաբերակցությունը ավելի մեծ է, բայց ըստ էության մեծագույն զորավարը չէր սխալվում: Նույն կարծիքին է նաև գերմանացի մեծ զորավար Հ. Գուդերիանը[1]:

Այդպես է եղել սպարտացիների մոտ, այդպես է եղել Հաննիբալի դեպ­քում, այդպես է եղել Ավարայրում, Ակոռիում, Սարդարապատում, Արցախում և Հայոց պատմության բազմաթիվ այլ ճակատամարտերում, երբ մեր նախնինե­րը, գործելով ուժե­րի անհավատալի հարաբերակցության պայմաններում, բա­ցառիկ հաղթանակներ էին ունենում: Մարդկության պատմու­թյան սիրված բո­լոր օրինակները, որոնք արվեստում են ամրագրվել, հիմնված են հենց ոգու վրա՝ Ակոռի, Ավարայր, 300 սպարտացիների մասին պատմությունը, Գավգա­մելլա, Կրեսսի, Մասադա, Գոլանի բարձունքներ, Շուշի, Ակն և այլն:

Սակայն եթե չկան ոգին, կամքը, ապա այն լրացնել մյուս երկու գործոնով՝ պատրաստություն և զենք, շատ դժվար է: Եթե նույնիսկ երկու գործոնը իդեա­լական մակարդակի է, միևնույն է դրանք շատ հաճախ չեն կարող փոխարինել ոգու պա­կասը: Ոգին ավելի զորեղ է լինում անգամ հակառակորդի թվաքանա­կի զգալի առավելության դեպքում: Իհարկե, բանակների քա­նակական շեշտա­կի առավելությամբ վարվող պատերազմները քննարկման այլ՝ ռազմավարա­կան մակարդակ են մտնում, սա­կայն նույնիսկ այս հարաբերության մեջ ոգին ավելի զորեղ է լինում, քան մյուս գործոնները: Ոգին երկար տևող պատե­րազ­մում կամ միաժամանակ մեծ տարածքում ու զորքերի մեծ քանակով վարվող պատերազմում կարող է տատանվել մինչև անճանաչելիության աստիճանի, սակայն իր դերն ընդհանուր առմամբ դրանից չի փոխվում:

Մյուս գործոններից մեկի չափազանց մեծ առավելությունը մյուսների նկատմամբ, անգամ դրանցից մյուսի վատ վի­ճա­կի դեպքում կարող է ապահո­վել հաղթանակը, եթե հակառակորդը ևս այս գործոններից մեկ-երկուսի ցածր ցուցանիշներ ունի: Օրինակ՝ եվրոպական բանակները շատ արագ իրենց հրա­զենով պարտության մատնեցին ամերիկյան տեղաբնիկներին, սա­կայն այդ կռիվն այլ բնույթ ստացավ և դեռ երկար տևեց, քանի որ տեղաբնիկները բարձր ոգի ունեին և վերջնական պարտ­վեցին միայն այն պատճառով, որ մյուս երեք գործոնով միաժամանակ չափազանց շատ էին զիջում եվրոպացիներին: Մո­տավորապես նույն կերպ 1575 թ. Ճապոնիայում՝ Նագասինոյի ճակատամար­տում, հրազենավորները (արկեբուզավոր­նե­րը) պարտության մատնեցին պատ­վախնդիր սամուրայներին[i]: Սակայն սրանք թեկուզ և պատերազմների տար­բեր սերունդնե­րի բախում էին, որտեղ զենքը հիմնականում գլխավոր գործոն­ներից է, միևնույն է ռազմարվեստի պատմության մեջ մեծ ու ռազ­մավարական առումով որոշիչ դեպքեր չեն: Մարդիկ հակված են հավատալու այս կամ այն զենքի բացարձակությանը, սա­կայն ժամանակը ցույց է տվել, որ այդպիսիներ գրեթե չկան, միշտ գտնվում է հակամիջոց: Անգամ միջուկային սպառազի­նու­թյունը, որ մինչ օրս բացարձակ կոչվելու ամենամեծ հավակնությունն ունի, դարձյալ ունի հակազդող միջոցներ: Ամենա­կար­ճը դրանցից հենց ինքն է, սա­կայն այսօր լայնորեն քննարկվում է այն տեսակետը, որ հեռահար ճշգրիտ մի­ջոցներն ավելի մեծ առավելություն ունեն միջուկային սպառազինության նկատ­մամբ[2]: Իհարկե, զենքերը ևս լինում են ռազմավարական ու մարտավարական և կարողանում են մեծ ազդեցություն թողնել ռազմարվեստի զարգացման վրա, հատկապես որոշել պատե­րազմ­ների սերնդային պատկանելությունը, սակայն դա էլ իր հակառակ ազդեցությունն ունի և ընդամենը այս երեք բաղադ­րի­չից մեկն է: Իսկ հիմնականը եղել ու մնում է ոգին: Նոր զենքերի ազդեցությամբ փոփոխվում է պատերազմների ձևը, հե­տևա­բար սերնդային փոփոխություն է տեղի ունենում. հին սերնդի պատերազմների ներկայացուցիչները պարտվում են: Առա­ջին հայացքից թվում է՝ ոգու դարաշրջանը ավարտվեց, սակայն ժա­մա­նակի ընթացքում՝ նոր սերնդի հաստատմանը զուգահեռ, մարդկային ոգին պատերազմում կրկին իր տեղն է գտնում: Ռազմական տեսաբանները հասցրել են մի քանի անգամ պատմու­թյան հետնաբեմ ուղարկել ոգին: Դա տեղի է ունե­ցել հրազենի, գնդացրի, տանկերի և օդանավերի ծնունդի ժամանակ, ատոմա­յին զենքի դեպքում և այլն, սակայն ապարդյուն: Կան, իհարկե, այլ գործոններ՝ քանակ, զորավարի ռազմավարական տա­ղանդ, լավ պլանավորում, որը հաճախ դիմանում է մինչև առաջին բախումը, բնակլիմայական պայմաններ, քաղաքա­կան գոր­ծոններ և այլն, որոնցից ամեն մեկի մասին մեծածավալ աշխատու­թյուններ են գրվել, սակայն դրանք բոլորը կոնկրետ ռազ­մի դաշտում զիջում են վերը նշված երեքին և ընդամենը ազդում ոգու հզորության աստիճանի վրա: Այս աշխատությունը նաև նշված երեք գործոնի մանրակրկիտ քննությունն է տարբեր իրավիճակներում և տարբեր պատերազմների ժամանակ:

[1] Г. Гудериан, Можно ли защитить Западную Европу, М., 1954, стр. 55.

[2] Կա տեսակետ, որ մոտավորապես 50000 գերճշգրիտ օպերատիվ միջոցների հարվածով կարելի է չե­զոքացնել գրեթե բոլոր երկրների միջուկային զինանոցը:

 

[i] 1514 թ. օսմանյան հրետանին և հրազենը ցիրուցան արեցին կրոնական ֆանատիզմում անհավատալի եռանդ դրսևորող ղզլբաշների մյուրիդական զորքին, իսկ մեկ տարի անց ոչ մի հնարավորություն չթո­ղեցին իրենց բացառիկության ու կաստայական իդեալականության մեջ ներփակված մամլուքներին:

Արծրուն Հովհաննիսյան

Հատվածներ Ռազմարվեստ աշխատության

Հատոր երկրորդ

Ցամաքային ճեղքում գրքից։

Վերջին մաս: Նախորդ երկու մասերը կարող եք ընթերցել՝ առաջինը այստեղ, երկրորդը՝ այստեղ:

  • Կիսվել: