ՄԱԿ-ում Բաքվին և Երևանին զսպվածության կոչ են արել
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը ՄԱԿ-ի մտահոգությունն է առաջացնում:
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, ըստ որի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին հաղորդագրությունները։
«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը, որի մասին տեղեկատվություն է ստացվել այսօր։ Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները՝ կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և առկա հարցերը լուծել երկխոսության միջոցով», – ասել է Հաքը:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր , որ գիշերը` ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ըստ պաշտպանության նախարարության` ժամը 09։20-ի դրությամբ, հակառակորդը տալով կորուստներ, ետ էր շպրտվել ելման դիրքեր։ Նախարարությունը նաև նշում է, որ Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ Ադրբեջանը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն ունի երեք զոհ, և չորս վիրավոր։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ։