հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կութի ուղղությամբ ադրբեջանցիները ևս 200-300 մետր առաջ են եկել. համայնքապետ

Կութի ուղղությամբ ադրբեջանցիները ևս 200-300 մետր առաջ են եկել. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զորամիավորումները ևս 200-300 մետր առաջ են եկել, դիրքավորվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Հետ չեն գնում, նույնիսկ ինչ-որ տեղեր էլ իրենց դիրքերն ավելի են հարմարեցնում։ Կութում մի 200-300 մետր էլի առաջացել են։ Եթե այսպես թողնենք, ուրեմն կգան ամեն տեղ էլ կհասնեն, սրա դեմը պետք է առնել»,- ասաց նա։

Նրա խոսքով`իշխանությունն ամեն ինչ պետք է անի խնդրի ռազմական լուծումը բացառելու համար։ Մյուս կողմից` պետք է արձանագրել, որ մինչև այս պահը բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ 

«Մեր կողմից բոլոր զինվորները կանգնած են, բայց ամեն դեպքում պետք է շարունակել բանակցել։ Այսպես լարվածությունը մեծանում է, ինչը կարող է պայթունավտանգ լինել։ Կարծում եմ` կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, բայց մինչև հիմա ոչ մի շարժ չկա, թե ով ինչքանով է մեղավոր` չեմ կարող ասել»,- նշեց Ավետյանը։

Գեղամասար համայնքի ղեկավարն ասում է` մի քանի օր է, ինչ Կութում գյուղացիներն անասուններին արոտավայրեր չեն տանում, սպասում են՝ տեսնեն՝ ինչ է լինելու։

«Նրանք մտածում են` սա ժամանակավոր բնույթ է կրում, հարցը կլուծվի։ Մի քանի օրը չի խանգարի անասնապահներին, բայց եթե հարցը չլուծվեց, կարող եմ ասել, որ այդ գյուղերում անասնապահությունը վերանալու է, որովհետև բացարձակ արոտավայր չեն ունենալու»,- հավելեց համայնքապետը։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։

 

  • Կիսվել: