Կլինեն զինծառայողների մասունքներ, որոնք հնարավոր չի լինի պարզել, թե ում են պատկանում. Առողջապահության նախարար
Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք որ մեկ անգամ չեն փորձաքննվել: Կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է: Մենք կապի մեջ եք միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների հետ, նրանց փորձագետների հետ:
Հիմա աշխատում ենք այդ մնացած, շատ բարդ փորձաքննությունների վրա և տեսնենք, թե ինչ արդյունք կունենանք: Կունենանք իհարկե մի փոքր թիվ, որը չենք կարող անջատել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման մասին:
Լրագրողի ճշտող հարցին՝ դա արդյո՞ք նշանակում է, որ շարունակելու է անհայտ մնալ, թե ում մարմիններն են դրանք, նախարարը դրական պատասխան տվեց. «Այո, կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց փորձաքննությունն անացկանցել»:
Նախարարը նաև նշեց, որ այս պահի դրությամբ ունենք 2200-ից ավել ճանաչում:
Հարցին, թե ինչքան է մնում ճանաչման համար՝ նախարարն ասաց, որ ծնողների թվով պետք է նշի. «Ունենք 180 ծնող, ովքեր սպասում են պատասխանի: Բայց մենք ունեցել ենք մոտ 2400 անձ, ովքեր սպասել են ԴՆԹ-ի անալիզներին»:
Թե ինչ կլինի այդ մասունքների ճակատագիիրը, Ավանեսյանն ասաց, որ չի կարող այս պահին ասել:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ ճիշտ է արդյո՞ք, որ Մեծամորում գտնվող Սպայկայի սառնարանում դեռ պահվում են զոհերի մարմինները, ասաց, որ դա Սպայկայի սառնարանը չէ. «Այո, Մեծամորում մենք ունենք դիահերձարան, դիակները պահպանվում են այնտեղ: Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար: Այո այնտեղ պահպանվում են»:
Նախարարը չգիտի, թե կոնկրետ Մեծամորում քանի դի կա: