երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը. Դիլիջանի համայնքապետարան

ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը. Դիլիջանի համայնքապետարան

ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը: Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից:

«Ցավով տեղեկացանք, որ քիչ առաջ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը:

Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:

Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:

Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։

 

  • Կիսվել: