հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անհայտ կորած զինծառայողներին ֆինանսական աջակցությունը կշարունակվի

Անհայտ կորած զինծառայողներին ֆինանսական աջակցությունը կշարունակվի

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն՝ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովելու նպատակով:

Արդյունքում՝ մինչև անհայտ կորած զինծառայողներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունումն ընկած ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կտրամադրվի անհայտ կորած յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով՝ սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից:

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սոցիալական հետևանքները մեղմելու համար իրականացվող մի շարք միջոցառումների շրջանակներում դրամական օգնություն նշանակած, սակայն դեռևս սոցիալական աջակցություն չստացած շահառուներին դրամական օգնությունը վճարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին հատկացնել 617,430.0 հազար դրամ:

  • Կիսվել: