հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ինչո՞ւ ծաղիկներ չխոնարհեցին «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ. պարզաբանում է պաշտպանության փոխնախարարը

Ինչո՞ւ ծաղիկներ չխոնարհեցին «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ. պարզաբանում է պաշտպանության փոխնախարարը

Բոլորի համար ընդունելի եղավ այս օրը, որը հավաքական օր է իր խորհրդով և շատ ճիշտ է, որ Ազգային Ժողովը հավանության արժանացրեց այս օրը և սրանով արդեն իսկ ունենք հստակ օր։ Այս մասին, այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 27–ը սահմանվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

«Այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր, եթե դուք ուշադիր հետևել եք քննարկումներին և օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ չի կապվել կոնկրետ որևէ ռազմական գործողության հետ, ավելի ընդգրկուն, համընդհանուր, բոլոր հարցերը իմի բերված այդ տրամաբանությամբ է ընտրվել այս օրը։ Որովհետև, եթե ընտրվեր սեպտեմբերի 27-ը, ապա կարող էր ընտրվել մեկ այլ օր։ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմաթիվ պատերազմների շրջան է ունեցել և հստակ ինչ-որ օր չի դրվել հիմքում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ այսօր զոհվածների շատ ծնողներ եկել էին, որ թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին այցելել իրենց հարազատի շիրիմներին, փոխնախարարն ասաց. «Մենք պետք է այդ տրամաբանությամբ չմոտենանք, նրանք բոլորը մեր եղբայրներն են և բոլորը բոլորի որդիներն են, որոնք ընդունում են որպես իրենց հայրենիքի համար զոհվածների, և գալիս են իրենց խոնարհումն ու հարգանքը բերելու»։

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ չխոնարհեցին «Արցախի կանչը» կոթողի մոտ, Արման Սարգսյանն ասաց. «Հնարավորություն չկա բոլոր գերեզմաններին մոտենալու և խոնարհելու։ Եռաբլուր զինվորական պանթեոնը իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ և խոնարհվեց»։

  • Կիսվել: