ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչ է տեղի ունեցել Սոթքում. պարզաբանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը

Ինչ է տեղի ունեցել Սոթքում. պարզաբանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ  Սոթքում տեղի ունեցած իրադարձություններին:

Նա նշեց, որ, ըստ պայմանանավորվածության՝ հայկական զինված ուժերը եւ բնակիչները պետք է նոյեմբերի 25-ին դուրս գային Քարվաճառի շրջանից, որն իրականացվել է:

՛՛Դրանք իրականացվել են նախապես պլանավորված բնույթով:  Այսօր լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, գրավել են, ադրբեջանական կողմը ժամանակ է տվել: Մեր կողմից կարող է ասվել եւ հաստատվել եւ հետագայում էլ կփաստվի, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նմանատիպ իրավիճակ չի եղել՛՛,-վստահեցրեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ թյուրիմացությունը, որ առաջացել է եւ կարող էր առիթ տալ, կարող էր կապված լինել հետեւյալի հետ. ՛՛Քարտեզներում պետական սահմանն անցնում է ոսկու հանքի գրեթե կենտրոնով: Ռուսական ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգության միջոցառումներ պաշտպանության համար: Ընկերության նախաձեռնությամբ՝ պաշտպանական նախաձեռնություններում մեր զինված ուժերը ներգրավվածություն չեն ունեցել: Ամբողջն իրականացրել է ռուսական ընկերությունը՝ իր նախաձեռնությամբ և ուժերով:

Ադրբեջանական զորքերի՝ Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով արգելափակոցներին, խնդիր է բարձրացվել, որ սա մեր տարածքն է, և այն ուժերը, որ իրականացնում են տարածքի պահպանություն, պետք է դուրս գան: Բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ՝ պահանջելով դուրս գալ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է, թե ում է պատկանում տարածքը, ռուսական կողմին զգուշացվել է նման իրադրության մասին՛՛:

Ըստ Խաչատրյանի՝ ուղեփակոցը եղել է ընկերության տեղադրածը: Մոտակայքում տեղադրված է եղել նաև արագ կառուցվող կառույց՝ ծառայություն իրականացնող անձանց կարիքները բավարարելու համար:

«Դա ներկայացվել է որպես վարչական շենք: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունն իրականացնում են նախկինում գոյություն ունեցող մեր պետական սահմանի եզրագծով»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով` որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր: Չունենք նաև որևէ տեղ և դիրք, որ գտնվի սահմանից հետ: Ըստ զինվորականի՝ հրադադարի պայմանագրի  համաձայն՝ մեր զորքերը և բնակչությունը նոյեմբերի 25-ին ժամը 00։00-ից պետք է տարածքը լքած լինեին:

՛՛Դեմարկացիան սահմանների ճշգրտման գործընթացն է, իսկ մենք խոսում ենք նախկինում գոյություն ունեցող սահմանների մասին, ինչն այսօր վերցված է որպես չափորոշիչ: Վաղը կարող է որոշակի ճշգրտումների հարցեր առաջանան, դրանք լրացուցիչ փոփոխությունների ենթարկվեն: Ես այսօր կարող եմ ասել այն մասին, ինչ եղել է խորհրդային ժամանակի բաժանումով՛՛,-ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը:

Նա նշեց նաև, որ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի. ՛՛Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը՛՛:

Տիրան Խաչատրյանը ներկայացրեց հանքավայրի ու պետական սահմանի գիծը պատկերող քարտեզը, ըստ որի՝ հանքի մի մասը՝ դեպի արևմուտք, Հայաստանի տարածքում է, դեպի արևելք՝ Քարվաճառի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ:

 

  • Կիսվել: