երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Իմացա՝ անձրևաջուր է, ձեռքս խփեցի, որ խմեմ, այն էլ ամբողջությամբ արյուն էր». Ե.Ա.-ն՝ գերի ընկնելու և հրաշքով փրկվելու մասին

«Իմացա՝ անձրևաջուր է, ձեռքս խփեցի, որ խմեմ, այն էլ ամբողջությամբ արյուն էր». Ե.Ա.-ն՝ գերի ընկնելու և հրաշքով փրկվելու մասին

2020 թվականի օգոստոսին պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 18-ամյա Ե.Ա.-ն նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը: Շաբաթներ շարունակ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Ե.Ա.-ն ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, իսկ ավելի ուշ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

168.am-ին Ե.Ա.-ն պատմեց, թե ինչպես են կռվել թշնամու դեմ, ինչպես են շրջափակման մեջ հայտնվել, և, թե ինչպես է ինքը հրաշքով փրկվել.

«Հոկտեմբերի 10-11-ին արդեն Հադրութը շրջափակել էին, այդ ժամանակ էլ կռիվ մղեցինք, բավականին զոհեր ունեցանք, հետո 12 հոգով առանձնացանք, ընկանք շրջափակման մեջ: 1 օր գիշերեցինք Հադրութում՝ մի տան մեջ, հաջորդ օրն ուզում էինք գնալ ինչ-որ դիրքերի ուղղությամբ,  տեսնենք մերոնց՝ միանանք նրանց, բայց չհասցրեցինք… Ամբողջ ճանապարհին դիակներ էին, գնում էինք, դիակներ էինք տեսնում՝ ուղղությունը փոխում էինք: Անտառում էլի ընկանք շրջափակման մեջ, ընկել էին մեր հետևից սնայպերներով, կրակում էին անընդհատ: կարծեմ՝ Թաղավարդ գյուղն էր, խաղողի այգիներ կար, գիշերն այդտեղ դիրքավորվեցինք, մնացինք խոտերի տակ, որ առավոտյան շարունակենք ճանապարհը, այն էլ առավոտյան, երբ լույսը բացվեց՝ ադրբեջանցիների մի 2 ջոկատ անցավ՝ չնկատեց, հաջորդը, որ եկավ, արդեն մեր տղաներից մի քանիսին տեսավ, ու սկսեցին կրակել մեզ վրա, մենք էլ կրակեցինք, մի քանիսին խփեցինք, կատաղեցին ու 4 կողմից կրակ բացեցին խոտերի մեջ, տղաների կեսին վիրավորեցին, սպանեցին, կեսն էլ այդտեղից անհետ կորան…»,- պատմեց գերությունից վերադարձած Ե.Ա.-ն:

 

  • Կիսվել: