հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյանը՝ 44-օրյայի մասին

ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյանը՝ 44-օրյայի մասին

Ինչքանո՞վ էր Հայաստանը պատրաստ պատերազմի: Այս հարցին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ իրեն վերաբերելի մասով ԶՈՒ իրավիճակը գնահատվում էր բավարար՝ ՀՀ-ի դեմ ուղղված և ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման առումով, իսկ այդ ապահովման խնդիրը դրված էր նաև ԶՈՒ-ի վրա:

«ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստությունը, հաշվի առնելով աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր ԶՈՒ-ն գտնվում էր:

Նորից կրկնում եմ՝ դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է»,- ասաց նա, ապա հավելեց. «Ինչո՞ւ եմ ասում 2-3 անգամ. պաշտպանական մարտ վարելու, պաշտպանական կեցվածք ունենալու առումով ԶՈՒ պատրաստությունը բավարար էր»:

Քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հարցրեց՝ արդյոք ուժերի հարաբերակցությունը 1-ը 2-ի կամ 1-ը 3-ի՞ էր, քանի որ բաց հարթակներում կա «Սմերչ» կայանքների ենթադրական հարաբերակցությունը, որը 6-ն ընդդեմ 40-ի է:

«Ես պատասխանեցի իրավիճակի վերաբերյալ, այսինքն՝ պատրաստականության աստիճանի: Ես չեմ ասում՝ ինչ է եղել իրական վիճակը, քանի որ նորից անդրադառնամ «Սու-30»-ներին, որոնք բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ են: Կործանիչների կամ ԶՈՒ ռազմօդային ուժերի առումով հարաբերակցությունը եղել է զրո ՀՀ-ի կողմից, այսինքն՝ մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել»,- ասաց Տոնոյանը:

Պատգամավոր Հայկ Սարգսյանը թվարկեց բանակի խնդիրները, այդ թվում՝ ՄՈԲ ռեսուրսի կառավարման հետ կապված: Տոնոյանը արձաքանքեց. «Նորից եմ կրկնում 2018-ի մայիսին, երբ ես ստանձնել եմ պաշտոնը, մեր գնահատականը եղել է, որ մենք կարող ենք դիմակայել՝ նաև հաշվի առնելով երկրի տնտեսական և ժողովրդագրական առումով, մենք կարո՛ղ էինք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային ՀՀ-ի սահմաններով և ապահովեինք Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրենց ինքնորոշման իրավունքը: Կարո՛ղ էինք անել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է զորահավաքային ռեսուրսներին, ըստ Տոնոյանի՝ մեր զորահավաքային ռեսուրսների ներգրավման մոտեցումը 1946-ից 60-ականների սկիզբ ձևավորված մոտեցում է՝ տոտալ պատերազմ վարելու, որը ավտոմատ կերպով ներդրվել է ՀՀ ԶՈՒ-ն համալրելու առումով, մինչդեռ իր գնահատմամբ՝ դա իրատեսական չէր:

«Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդպիսի զորահավաքային մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէ անելու: Եվ այդ իսկ պատճառով նախապատրաստական կամ նախորդող փուլում մենք վերանայում ենք և ակտիվ պահեստազորի, ակտիվ ռեզերվի գաղափարն էինք ներդնում:

Մոբիլիզացիոն և ռեզերվային ուժերի ներգրավումը շատ արդիական է և շատ անհրաժեշտ է այն երկրներում, որոնք ձևավորում են պրոֆեսիոնալ բանակ, արհեստավարժ բանակի համալրման սկզբունքն են ընտրել և համալրվում են ռեզերվիստների միջոցով: ՀՀ ԶՈՒ-ի համալրումն իրականացնում էր նաև պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը բավականին մեծ թվաքանակ էր: Եվ Հայաստանի ժողովրդագրական և տնտեսական հնարավորությունները իրականում թույլ չէին տալիս այն զորահավաքը, որը գոյություն ուներ, այդ զորահավաքի շրջանակներում իրապես ներդաշնակված, մարտունակ ստորաբաժանումներ ներգրավելու առումով: Դա կարող էր լինել սահմանափակ քանակությամբ, օրինակ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների նախկին զինծառայողների, զորացրված զինծառայողների միջոցով, հատուկ այլ ծառայությունների, ինչպիսին է ռազմօդ ուժը, ՌԷՊ-ը, հրետանին: Բայց հետևակի առումով ներգրավումը՝ առանց ներդաշնակելու, ընդամենը «քանի ժամ պլյուսով», ես կարծում եմ, որ 5-րդ, 4-րդ սերնդի պատերազմների պարագայում անգամ թերի էր այդ համակարգը»,- ասաց նա:

  • Կիսվել: