հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում զինծառայության անցած որ սպաները կարող են օգտվել պետությունից 3 սենյականոց բնակարան ստանալու հնարավորությունից. պարզաբանեց նախարարը

ՀՀ-ում զինծառայության անցած որ սպաները կարող են օգտվել պետությունից 3 սենյականոց բնակարան ստանալու հնարավորությունից. պարզաբանեց նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, թե  արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում սովորած և Հայաստանում զինծառայության անցած որ սպաները կարող են օգտվել պետությունից 3 սենյականոց բնակարան ստանալու հնարավորությունից:

Պապիկյանն այս մասին խոսեց ԱԺ-ում ՝«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե անձը արտերկրում է սովորել, ավարտելուց հետո եկել է Հայաստան և ցանկանում է զինվորական ծառայությունը շարունակել այստեղ, կարո՞ղ է օգտվել այդ հնարավորությունից:

«Այո, եթե դա ՀՀ պատկան խողովակներով է տեղի ունեցել: Մենք ունենք գործընկեր երկրներ, որոնց ռազմական ուսումնական հաստատություններում մեր երիտասարդներն ուսանելու հնարավորություն ունեն: Դրա համար պատշաճ կարգով կազմակերպվում են քննություններ, այլ գործընթաց կա: Եթե ուսանել են Հունաստանում, ՌԴ-ում կամ մեկ այլ երկրում, որոնց հետ համագործակցում ենք, բնականաբար, վերաբերում է նաև իրենց»,-ասաց Պապիկյանը:

Օրինակ, վերոնշյալ դեպքում ՌԴ-ի X ռազմաուսումնական հաստատությունում սովորելու համար գործում է հատուկ կարգ, քննություններ են հանձնում, մեկնում: «ՀՀ-ն դրա համար վճարում է կամ օգտվում է այն արտոնյալ տեղերից, որ տվել է ՌԴ-ն կամ, օրինակ, Հունաստանը: Այդ  ուսանողները հավասարեցված են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Ռազմաավիացիոն համալսարանում սովորող ուսանողներին: Բայց, եթե անձը ապրում է օրինակ Հունաստանում կամ Բուլղարիայում և սովորել է տեղի ռազմաուսումնական հաստատությունում, ապա սա իրեն չի վերաբերում»,-եզրափակեց նախարարը:

  • Կիսվել: