կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ-ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի. Կառավարության ծրագիր

ՀՀ-ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի. Կառավարության ծրագիր

Պաշտպանության բնագավառում կառավարության նպատակն է իրականացնել շարունակական բարեփոխումներ, որոնք կապահովեն Զինված ուժերի կողմից սահմանադրական առաքելության կատարումը, այս մասին նշված է կառավարության 2021-2026թթ ծրագրում։

Ընդ որում բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է, որ պաշտպանության համակարգի բոլոր կառույցները և բաղադրիչները, ներառյալ Զինված ուժերը, պետք է համակարգված և ներդաշնակ աշխատեն և մնան քաղաքական չեզոքության սահմանադրական պահանջի շրջանակում։

Նշվում է նաև, որ կառավարությունը վերանայելու է մարտական գործողությունները պլանավորելու և վարելու ձևերը, ինչպես նաև Զինված ուժերի կառավարման համակարգը:

Ըստ ծրագրի՝ զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ 

Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը շարունակաբար կաճի:

Հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները:

Վերանայվելու է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, մշակվելու է նոր Ռազմական դոկտրին, Պետության պաշտպանության պլան, կատարելագործվելու են պետությունը պաշտպանության նախապատրաստելու գործիքակազմերն ու ընթացակարգերը: Զինված ուժերի կառավարման և ղեկավարման արդյունավետության բարձրացման և որոշումների կայացման ժամանակահատվածը կրճատելու նպատակով ներդրվելու է միասնական ավտոմատացված կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովելու է ժամանակակից ռազմական գիտությանը համահունչ արագ և առաջանցիկ որոշումների կայացումը:

Այդ նպատակով Զինված ուժերի կառավարման և զորային օղակներում իրականացվելու են կազմակերպչական և հաստիքային փոփոխություններ: Առաջադրված խնդիրների լուծման նպատակով կազմավորվելու են մեծ շարժունակությամբ և կրակային հզորությամբ, երկար ժամանակ ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ զորամիավորումներ ու ստորաբաժանումներ:

Կառավարությունը շարունակելու է սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները: Առավել նպատակային քաղաքականություն է իրականացվելու դաշնակից և գործընկեր պետությունների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Հատուկ կարևորություն է տրվելու այդ ոլորտում դաշնակցային և գործընկերային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես ընդլայնվելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, որն առաջնահերթ ուղղվելու է համատեղ ուժերի (համակարգերի) ռազմական ներուժի ավելացմանը և երկու պետությունների զինված ուժերի առավելագույն փոխգործունակության ապահովմանը:

Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ 

  • Կիսվել: