շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում սպաներն այսօր սոցիալական ապահովության խնդիր ունեն լուծելու. Սուրեն Պապիկյան

Հայաստանում սպաներն այսօր սոցիալական ապահովության խնդիր ունեն լուծելու. Սուրեն Պապիկյան

Հայաստանում սպաներն այսօր սոցիալական ապահովության խնդիր ունեն լուծելու, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մեր սպաներն ապահով զգալու, իրենց ընտանիքներն ապահովելու, սեփական տանիքն ունենալու առաջնահերթ խնդիր ունեն լուծելու», - ասաց նախարարը:

Նա ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած ու ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար կսահմանվի բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

Պապիկյանի խոսքով՝ առաջարկվող նախագիծը կխթանի ու առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը:

«Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին, ուսումնառությունն ավարտելուց հետո, անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակվելու ու հաշմանամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով է տրամադրվում», - նշեց Սուրեն Պապիկյանը:

Բացի այդ, նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժակետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը կտրվի նրա ընտանիքի անդամներին:

  • Կիսվել: