ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հադրութում քաջաբար զոհվել է Հայաստանի չեմպիոն Մելքոն Հովհաննիսյանը

Հադրութում քաջաբար զոհվել է Հայաստանի չեմպիոն Մելքոն Հովհաննիսյանը

Փոքր ռակետի Հայաստանի հեռանկարային ու շնորհալի սաներից մեկը՝ Մելքոն Հովհաննիսյանը, զոհվել է Արցախի երկրորդ պատերազմում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը՝ 2002թ մայիսի 5-ին ծնված մարզիկն անցած տարվա հոկտեմբերի 15-ին Հադրութում մղված անհավասար մարտերի ժամանակ քաջաբար զոհվել է, սակայն միայն այսօր է հայտնի դարձել նրա ԴՆԹ-ի պատասխանը: Մելքոն Հովհաննիսյանի հուղարկավորությունը կկայանա հունվարի 8-ին, ժամը 11-ին, Եռաբլուրում:

Ինչպես նշում է աղբյուրը՝ անցած տարվա փետրվարին դեռ 17 տարեկան Մելքոնը Հայաստանի տղամարդկանց մեծահասակների առաջնությունում մենախաղի միայն եզրափակիչում է զիջել ապագա չեմպիոն Վարուժան Բաղդասարյանին և դարձել փոխչեմպիոն: Նույն մրցումների զուգախաղերում նա ընկերակցելով հենց Վարուժան Բաղդասարյանի հետ, նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Նա սովորում էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 1-ին կուրսում: 2020թ հուլիսի 29-ին Մելքոն Հովհաննիսյանը զորակոչվել էր բանակ և ծառայության անցել Արցախում, թեպետ պիտի ծառայեր սպորտային վաշտում:

 

  • Կիսվել: