երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գերին վերադառնալուց հետո պետք է ասի, թե ինչ ձեւով գերեվարվեց, որ դա չդառնա խասյաթ. Մելքոնյան

Գերին վերադառնալուց հետո պետք է ասի, թե ինչ ձեւով գերեվարվեց, որ դա չդառնա խասյաթ. Մելքոնյան

Ալիեւն այդքան հումանիստ է, եւ իբր մտածում է մեր գերիների ապագայի մասի՞ն, մենք մեր գերիներին հետ գիտենք ինչպես վարվել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հայ գերիներին վերադարձնելուց հետո Հայաստանում նրանց կալանավորում են, գուցե նաեւ խոշտանգում եւ իրենք դա հաշվի կառնեն:

«Սկզբում քննություն է գնում, թե ինչ պայմաններում են իրենք գերեվարվել, եւ դրանից ելնելով մենք գիտենք, թե ինչ պետք է իրենք անեն: Մենք գիտենք ինչպես ենք վերաբերվելու վերադարձած գերիների հետ: Ինչ վերաբերում է Ալիեւի ասելուն, որ ինքն այդքան հումանիստ է, որ մտածում է հայ գերիների մասին, ապա նախ իրենք մեր գերիներին չպետք է խոշտանգեն, ինչը կատարում են: Մեր կառավարությունը, իշխանությունը ամեն ինչ անում են, որ կարողանանք վերադարձնել թե մեր գերիներին, թե նաեւ մեր դիակները: Մենք որեւէ դեպքում չենք դադարել մտածելուց մեր գերիների, անհետ կորած տղաների մասին»,-ասաց նա:

Գագիկ Մելքոնյանը հիշեցրեց, որ 1994-ի գարնանը պատերազմի վերջին օրերին ադրբեջանցիները հարյուրավոր, հազարավոր զոհեր թողեցին ու փախան. «Այդ հարյուրավոր զոհերին մենք թաղել ենք ու հիմա թող Ալիեւը, եթե այդքան հերոս է, թող ասի՝ այո, ես ուզում եմ վերադարձնեմ այդ դիակները: Երբ իրենք ցանկություն կունենան, ես թաղած տղերը քարտեզով հատ-հատ ցույց կտամ, թող տանեն վերահուղարկավորեն»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ երբ 1994-ին հայկական կողմը ադրբեջանցի գերիներին վերադարձնում էր, նրանք չէին ուզում վերադառնալ, մեկնում էին այլ երկրներ:

«Բայց մեր գերիները չեն հրաժարվում հայրենիք վերադառնալուց; Բայց գերին վերադառնալուց հետո պետք է ասի, թե ինչ ձեւով գերեվարվեց, որ դա չդառնա խասյաթ: Թուրքը 200 մետրից գալիս ա, մենք ձեռքերը բարձրացնում ենք ու գնում, հանձնվում ենք: Ամեն ինչ իր կարգն ունի: Հասկացանք, գերի է ընկել, ամեն ինչ էլ պատահում է, բա չասի՞՝ մեր հրամանատարը դավաճան է, մեզ գերի գցեց»,-ասաց նա

Դիտարկմանը, որ շատ դեպքերում չկրակելու հրաման է եղել, դրա համար էլ գերի են ընկել, պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց. «Բա մենք չիմանա՞նք, թե ով է նման հրաման տվել: Բա գնացել էր քեզ էր պաշտպանում էդ տղեն, պետք է պաշտպաներ, ոչ թե գերի ընկներ, որ գային ձեզ էլ բռնաբարեին»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու է Հայաստանն ադրբեջանցի գերեվարվածներին արագ վերադարձրել՝ առանց փոխանակման, Գագիկ Մելքոնյանն ասաց․ «Մի քանի օր առաջ 10 գերի ՀՀ վերադարձվել էր, իսկ այս երկուսին հանձնելու պայմաններին տեղյակ չեմ, չգիտեմ ինչ է դիմաց ենք վերադարձրել»,-ասաց նա։

  • Կիսվել: