կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեւանին եւ Բաքվին սպասում են Բիշքեկում, ԱՊՀ պետությունների Խորհրդում. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Երեւանին եւ Բաքվին սպասում են Բիշքեկում, ԱՊՀ պետությունների Խորհրդում. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ակնկալում է, որ ԱՊՀ անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կմասնակցեն Բիշքեկում կայանալիք պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում` լրագրողների հետ զրույցում ասել է Լեբեդևը։
 
«Երկրների մեծ մասը հաստատել է իրենց մասնակցությունը, ինչ վերաբերում է Ուկրաինայի և Մոլդովայի ներկայությանը, ապա նրանք ներկայացված չեն լինի պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նրանք ձեռնպահ են մնում մասնակցելուց, թեև դե յուրե մնում են ԱՊՀ անդամ»,- ասել է Լեբեդևը։
 
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր ներկայության մասին հարցին՝ Լեբեդևը նշել է, որ համագործակցության գործադիր կոմիտեն տեղեկություն ունի միայն Ուկրաինայի և Մոլդովայի հրաժարվելու մասին, այլ երկրների հետ կապված նման տեղեկություններ չկան։
 
«Ինչ վերաբերում է մնացած երկրներին, մենք նման տեղեկություն չունենք, որ որևէ մեկը կհրաժարվի մասնակցությունից: Համենայնդեպս, այն տեղեկատվությունը, որը մենք հիմա ունենք, հուշում է, և մենք հուսով ենք, որ երկրների մեծ մասը ներկայացված կլինեն գագաթնաժողովում»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը:
Խորհրդի նիստը Ղրղզստանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 13-ին։ Մինչ այդ տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: