երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դիտորդական առաքելություններին չպետք է դեմ լինենք. Օհանյանը՝ ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության մասին

Դիտորդական առաքելություններին չպետք է դեմ լինենք. Օհանյանը՝ ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության մասին

 ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է՝ ԵՄ-ի կողմից Հայաստան հնարավոր ուղարկվելիք դիտորդական առաքելությանը պետք չէ դեմ լինել, սակայն միևնույն ժամանակ կարևորում է նկատի ունենալ, թե ովքեր են Հայաստանի գործընկերները, ովքեր են Արցախի ժողովրդի համար խաղաղություն ապահովում:

Օհանյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, որ ԵՄ-ն մտադիր է երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան,  նաև ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, որ մշտադիտարկման համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու առաջարկն ուժի մեջ է:

«Հայաստանը պետք է բոլոր ուղղություններով աշխատի: ԵՄ-ն մեր թշնամին չէ, սակայն ԵՄ-ն նաև այս տարածաշրջանում խնդիրներ ունի մեր ռազմավարական գործընկերների, մեր հարևանների հետ, նկատի ունեմ՝ ՌԴ-ին, Իրանին: Դիտորդական առաքելություններին, կարծում եմ, դեմ չպետք է լինենք, եթե այս իշխանությունները կարողանում են այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանել»,-ասաց Օհանյանը:

Սակայն նա ընդգծեց, որ դիտորդական առաքելությունը միայն կարող է ֆիքսել որևէ իրադրության փոփոխություն, ներկայացնել եվրոպական հարթակին, իսկ եվրոպական հարթակն այստեղ այլ միջոցներ կիրառելու հնարավորություններ չունի:

«Մենք պետք է նայենք, թե ովքեր են այսօր մեր գործընկերները, ովքեր են Արցախի, Արցախի ժողովրդի համար խաղաղություն ապահովում, ում զորքերը, ստորաբաժանումներն են տեղակայված ՀՀ-ում, ում հետ մենք ռազմավարական գործընկերություն ունենք»,-ասաց Օհանյանը:

Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ՌԴ խաղաղապահ ուժերն են, նաև Արցախի ՊԲ-ն է: Օհանյանը հիշեցրեց՝ Արցախի ՊԲ-ն ստեղծվել է Արցախի ինքնորոշման սկզբնական փուլում՝ իր իսկ իրավունքները պաշտպանելու, իր իսկ ինքնապաշտպանությունն իրականացնելու համար: «Եվ Ադրբեջանի ղեկավարության այն խոսքը, թե պետք է դուրս հանել հայկական զորքերն Արցախից, անընդունելի է: Արցախում կան հայկական զորքեր, բայց ոչ հայաստանյան, Արցախում Արցախի հայկական զորքերն են: Եվ Արցախի ՊԲ-ն ստեղծվել է բացառապես Արցախի ներուժի հիման վրա »,-ասաց նա:

 

Խմբակցության ղեկավարը կարևորեց նաև ջանքեր ներդնել, որ ռուսական խաղաղապահ ուժերը հնարավորություն ունենան իրենց պարտականությունները լիարժեք իրականացնել, իսկ դա խաղաղապահության միջազգային մանդատի տրամադրումն է, նրանց ուժերի մեծացումը:

  • Կիսվել: