ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արթուր Ղազինյանն անգամ ԱԱԾ-ին չի դիմել, որ գաղտնիության թույլտվությունը ստանա․ Արմեն Խաչատրյան

Արթուր Ղազինյանն անգամ ԱԱԾ-ին չի դիմել, որ գաղտնիության թույլտվությունը ստանա․ Արմեն Խաչատրյան

Սահմանված ժամկետում «Հայաստան» դաշինքը չի ներկայացրել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար իր թեկնածուին, եւ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի այդ մանդատն անցել է ՔՊ-ին: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մանդատն անցել է մեզ, սակայն մենք մի քանի անգամ եւ հրապարակային, եւ առանձին զրույցների միջոցով հորդորել ենք, որ «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնեն իրենց թեկնածուին, եւ մենք մեր մանդատով  ընտրենք իրեն որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ: Արդեն երեւի 3-րդ նիստն ենք անում եւ երեք անգամ հնարավորություն ենք տվել, որ ընդդիմությունը ներկայացնի իր թեկնածուին եւ մեր մանդատով նա ընտրվի: Տեսանք, որ այսօր եւս թեկնածու չառաջադրեցին: Ստիպված ենք ամեն անգամ նորից նիստեր գումարել ու անդրադառնալ այս հարցին: Այս նիստը եւս այն մասին էր, որ էլի հնարավորություն տվեցինք ընդդիմաությանը իրենց թեկնածուին ներկայացնել»,-ասաց նա՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողոբի նիստը տեւել է մեկ րոպեից էլ քիչ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ՔՊ-ն հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու չի առաջադրել եւ դրանով ավարտել են նիստը: Իսկ «Հայաստան» խմբակցությունը մինչ այդ 15 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը եւ անընդհատ նա չի ընտրվել:

Արմեն Խաչատրյանի խոսքով, եթե հանձնաժողովի նախագահ չի առաջադրվում, որեւէ նորմ չկա, որ կընդհատի այդ պահը, եւ սա կարող է շարունակվել անվերջ. «Պետք է շարունակվի այնքան, մինչեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ կընտրվի: Այո, նախագիծ է նախապատրաստվում, որով քանակական սահմանափակում կդրվի, որպեսզի անվերջ այս պրոցեսը չշարունակվի: Այդ նախագիծը մշակվում է, 2022-ի լիագորմար նիստերին այս խնդիրը կլուծվի»,-ասաց Խաչատրյանը:

«Մենք գտնում ենք, որ նպատակահարմար չէ, որ Արթուր Ղազինյանը զբաղեցնի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նա առ այսօր, որքանով տեղյակ եմ, չի դիմել, որ գաղտնիության ռեժիմի թույլտվություն ստանա ԱԱԾ-ից:

Երբ մենք նրան հորդորեցինք, ասացինք, որ այս հանձնաժողովը գործ է ունենալու բազմաթիվ տեղեկությունների հետ, որոնք պետական ծառայողական գաղտնիք են պարունակում, և պետք է, որ նա այդ ռեժիմը ստանա, Ղազինյանը սկզբունքորեն մերժեց, ասաց, որ դեռևս նպատակահարմար չի գտնում այդ թույլտվությունը ստանալ։ Նման բազմաթիվ հարցեր»,-ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով, ընդդիմության մեջ կան այնպիսի գործիչներ, որոնց առաջադրման դեպքում, իրենք կողմ կքվեարկեն. «Մեզ համար ինքնանպատակ չէ անընդհատ ընդդիմության թեկնածուին մերժել, մենք կարող էինք շաբաթներ առաջ կամ այսօր նշանակել մեր թեկնածուին, ինչն իրավաչափ է, բայց ունենք քաղաքական որոշում, ընդդիմությանը տալ հնարավարություն՝ ներկայացնելու իրենց թեկնածուին»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։

  • Կիսվել: