չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողներին

Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողներին

ԱԺ-ում ընթանում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ իրենք խոստացել էին՝ բերելու են մի նախագիծ, որով ավելի է ընդլայնվելու շահառուների շրջանակը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին արձագանքեց. «Մեղքերի թողություն է», ինչին ի պատասխան Գաբրիել Բալայանն ասաց. «Ինձ թվում է՝ ոչ թե մեղքերի թողություն է, այլ այն, որ մենք մեր խոստումները կատարում ենք»։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

Ըստ Գաբրիել Բալայանի, զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում,  երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:

«Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում:  Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն, ըստ էության, չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,- ասաց  փոխնախարարը։

Այսպիսով, ըստ նրա, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախաբանում ՀՀ պաշտպանությունը և մարտական գործողություններն առանձնացված ստորակետը հանել։

  • Կիսվել: