ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևի հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, պատրաստ ենք հետ մղելու ցանկացած սադրիչ գործողություն. ԳՇ պետի տեղակալ

Ալիևի հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, պատրաստ ենք հետ մղելու ցանկացած սադրիչ գործողություն. ԳՇ պետի տեղակալ

Եթե մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպիսին չէ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետ տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Հիշեցնենք, որ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկությամբ այսօր փակ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ՇԳ ներկայացուցիչների հետ։

Ասրյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Քննարկեցինք ինչպես սահմանային գոտիներում ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությանը։ Ես ներկայացրի խմբակցությունների անդամներին՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ներկա դրությամբ։ Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ԶՈւ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։

Հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերձադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈՒ-երին՝ կատարելու ենք պատվով՛՛։

Լրագրողների հարցին, թե՝ ըստ իրեն ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը, գեներալ-մայորը պատասխանեց. ՛՛Բոլոր դեպքերում հակառակորդը մնում է հակառակորդ։ Ցանկացած պետության համար հակառակորդ հանդիսացող պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել մյուս դիմակայող պետության բանակի վրա։ Նույնը նաեւ մեր հակառակորդ պետությունը՝ Ադրբեջանը, փորձում է տարբեր միջոցներով ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։

Հրապարակում կա Սեւ լճի շրջանում են շեշտվել, բայց Սեւ լճի շրջանում ասելով մենք պետք է հասկանանք, որ դա չի իրականացվում հենց Սեւ լճի տարածքում, դա դեպի հարավի ուղղությամբ է, հակառակորդը փորձել է մոտենալ մեր մարտական դիրքին, չէր գտնվում այնպիսի հեռավորության վրա, որ մեզ ինչ-որ վնաս պատճառեր։ Մեր զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա տալով կորուստ, հետ է քաշվել՛՛։

Նրա խոսքով՝ հակառակորդը կարող է նաեւ առաջխաղացում ունենալու միտում չունենալ. «Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաեւ մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը։ Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը»։

Ասրյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահի՝ տարածքների հավակնության մասին հայտարարությանը եւ ասաց. ՛՛Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է։ Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի են բարձրացնում մեր զգոնությունը։ Իր քաղաքական հայտարարության ներքո մեր դիրքերում պատրաստ ենք հետ մղելու նրա ցանկացած կազմակերպված, սադրիչ գործողությունը՛՛։

Խոսելթով ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ԶՈւ-երի ներկայացուցիչների քանակի մասին՝ գեներալ-մայորն ասաց, որ դա ռազմական ոլորտին առնչվող հարց է, որին չի կարող պատասխանել. «Ես որպես ռազմական ներկայացուցիչ՝ հակառակորդին ոչ թե գնահատում եմ իր զինծառայողների քանակով, այլ գնահատում են ստորաբաժանումների քանակով՝ դասակ, վաշտ, գումարտակ»։

Հարցին՝ հակառակորդի սադրիչ գործողությունների արդյունքում արդյոք դիրքային փոփոխություններ ունեցե՞լ ենք, Ասրյանն ասաց. ՛՛Երբ մայիսի 12-ից Ադրբեջանի սադրիչ գործողությունները սկսվել են ու փոքր ժամանակի ընթացքում իրենք ինչ հաջողություններ ունեցել են ներթափանցման, դրանից հետո հակառակորդը ոչ մի հաջողություն չի արձանագրել՛՛։

Անդրադառնալով պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ ուժի գործադրմամբ ինչ-որ պահի մեր տարածքներն ազատելու ենք հակառակորդի ներկայությունից, գեներալ-մայորն ասաց. ՛՛Պաշտպանության նախարարի հայտարարությունը մարտական խնդիր է ԶՈւ-երին, այդ խնդիրը պլանավորում ենք։ Ունենք համապատասխան ծրագրեր, իսկ ժամկետների վերաբերյալ ես իրավասու չեմ դա ներկայացնելու՛՛։

Ասրյանն ընդգծեց նաեւ, որ Շուշիի Եղցահող գյուղի մոտից հայկական կողմի ստորաբաժանումների հետ քաշվելու լուրը չի համատատասխանում իրականությանը։ 

՛՛Հայկական զինված ուժերն Արցախում կանգնած են այն բնագծերում, որում կանգնած էին նոյեմբերի 9-ի դրությամբ։ Եղցահող գյուղի հատվածում էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հետ չեն քաշվել՛՛,֊ ասաց նա։

 

  • Կիսվել: