27-37 տարեկան քաղաքացիները կարող են վերադառնալ ՀՀ և ընտրել ծառայության հինգ տարբերակներից մեկը. նոր նախագիծ
Գործող օրենսդրությամբ պարտադիր զինվորական ծառայության ենթակա 18-ից 27 տարեկան քաղաքացիները, և 27-ից հետո քաղաքացիները, եթե չեն ծառայել, քրեական գործ է հարուցվել նրանց նկատմամբ, նրանք չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման 2-5 տարի ժամկետով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությանը։
Նա, մանրամասնեց իր նախաձեռնության բովանդակությունը՝ նշելով. «Այս պահին ունենք 1200-ից ավել տղաներ, որոնք բնակվում են արտասահմանում, նրանք չեն ծառայել և հիմա գտնվում են հետախուզման մեջ բանակում չծառայելու հանգամանքով։ Եթե նրանք այժմ վերադառնան կամ հայտնաբերվեն, նրանք պետք է դատապարտել ազատազրկման 2-5 տարի ժամկետով, որևէ այլ տարբերակ չունեն։ Եթե անգամ ցանկանան գան երկու տարի ժամկետով կամ օրինակ հինգ տարի ժամկետով ծառայեն ազատազրկվելու փոխարեն, միևնույն է, չունեն նման հնարավորություն։
Օրենքով ես մեր հայրենակիցներին տալիս եմ հնարավորություն, որպեսզի նրանք գան ծառայեն երկու տարի ժամկետով, իրենց բացը լրացնեն և քրեական գործը կարճվի։ Այսինքն պետությունը ստիպված չլինի նրանց վրա ծախսել 15 միլիոն դրամ անազատության մեջ պահելու համար, այլ իրենք գան ծառայեն և դրանով իրենց ներդրումը ունենան բանակի մեջ և նաև մեր պետության պահպանության գործում։
Եթե ինչ-ինչ հանգամանքներով մեր քաղաքացիները 27 տարեկանը լրանալուց հետո ունեն ընտանիք, ծանրաբեռնվածություն կամ առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված չեն կարող ծառայել, նրանք կարող են վճարել որոշակի գումարներ և ծառայել կրճատված ժամկետով։ Օրինակ, վճարել 8 միլիոն ծառայել մեկ ամիս, վճարել 5 միլիոն ծառայել վեց ամիս, վճարել 2,5 միլիոն ծառայել մեկ տարի կամ չվճարել և ծառայել երկու տարի ժամկետով։ Այս օրենքի շնորհիվ մեկ տարվա ընթացքում, առաջիկա տարվա ընթացքում մենք կունենանք մոտավորապես մինչև 5 միլիոն դոլարի պետական եկամուտ և նաև կունենանք հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կվերադառնան Հայաստանի Հանրապետություն և կհաշվառվեն պահեստազորում»։
Հարցին, իսկ չի՞ լինի իրավիճակ, որ հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կփորձեն իրենց զավակներին անչափահաս տարիքում հեռացնել Հայաստանից, այդ ընթացքում հավաքել X գումար, գալ, վճարել և որևիցե կերպ չծառայել բանակում, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Այդ խնդիրը այսօր էլ կա, իմ նախորդ օրենքի նախագիծը, որ Ազգային ժողովում տապալվեց, գալիս էր լուծելու այս խնդիրը։ Մենք, ցավոք սրտի, ունենք ամեն տարի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, օրինակ, հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից։ Նշեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում զորակոչի թվի մոտավորապես 20%-ի չափով ունեցել ենք քաղաքացիությունից հրաժարվողների դեպքեր, հասկանու՞մ եք, ինչ մեծ է թիվը։ Եթե պայմանականորեն ասենք, միջինացված մեր տարեկան զորակոչը 10000 է, մոտավորապես 2000-ի կարգի տղաներ ամեն տարի հրաժարվում են, դա ահռելի սարսափելի մեծ թիվ է։ Այսինքն 4-5 տարվա ընթացքում մենք մի ամբողջ տարվա չափով զինծառայող ենք կորցնում, որոնք քաղաքացիությունից հրաժարվում են։ Ես առաջարկել է, որ 15 միլիոն տուրք սահմանենք, որպեսզի այս անձինք չհրաժարվեն, մնան և շարունակեն ապրել Հայաստանում, հետագայում գնան ծառայության, կամ այդ գումարը վճարեն և կրճատված ժամկետով ծառայեն։
Չգիտես ինչու, որևէ պատճառաբանություն չներկայացնելով մեր գործընկերները, տապալեցին նախագիծը և դրանից հետո էլի շարունակում են հազարավոր քաղաքացիներ հրաժարվել քաղաքացիությունից և դրանով տուժում է մեր բանակը, զինված ուժերը»,–ասաց նա։
ՔՊ–ական պատգամավորը հայտարարեց, որ առաջիկայում ես մեկ անգամ ևս այս նախագիծը շրջանառության մեջ է դնելու. «Որովհետև գտնում եմ, որ անթույլատրելի է, որ մենք թույլ տանք մեր քաղաքացիները հեշտությամբ մի հատ դիմում տան 14 տարեկան հասակում, քաղաքացիությունից հրաժարվեն ու շարունակեն Հայաստանում ապրել, ոնց որ մնացած բոլորը, որոնք գնում են ծառայության, որոնք ջանք են ներդնում, հաճախ վիրավորվում են, հաճախ զրկանքների են կրում՝ կտրվելով իրենց ընտանիքից, իրենք ունեն նույն երկիրը, որ ունեն նաև մեր մյուս քաղաքացին, ով որևէ գումար չվճարելով ուղղակի քաղաքացիությունից հրաժարվում է։ Սա անընդունելի է, սրա դեմը ես առաջիկայում փորձելու եմ կրկին առնել։ Հույսով եմ այս անգամ մեր գործընկերները կամ դեմ չեն կքվեարկի կամ գոնե փաստարկ կներկայացնեն, թե ինչու են դեմ»։
Նա նկատեց, որ օրենքի տապալումից հետո քաղաքացիությունից հրաժարվողների թիվը աճել է մոտ 30% ով ավելի շատ են սկսել հրաժարվել. «Առաջաիկայում ես թվերով կներկայացնեմ թե ինչքան վնաս է կրել Հայաստանի Հանրապետությունը»։


