ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2019-ը հաջողված էր առաջին հերթին Հայոց բանակի համար․ Արայիկ Հարությունյան

2019-ը հաջողված էր առաջին հերթին Հայոց բանակի համար․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է 2019 թվականը։

Ըստ նրա՝ տարին հաջողված էր առաջին հերթին Հայոց բանակն էլ ավելի հզորացնելու` միասնական հայրենիքի արտաքին անվտանգության բարձրացումն ապահովելու առումով: “Գործընթացն, իհարկե, ռազմական տիրույթում է: Ի վերջո, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգային խնդիրներն առաջնային նշանակություն ունեն, և տնտեսության զարգացմանն ուղղված մեր բոլոր ջանքերի նպատակը ժողովրդի համար կյանքի բարեկեցիկ պայմաններ ստեղծելուց առաջ բանակը ավելի հզոր դարձնելն է: Ազգ-բանակ հանրահռչակված թեզը մեզ համար վաղուց արդեն կենսակերպ է դարձել, և մենք՝ իբրև անկախ պետականություն ունեցող ժողովուրդ, պարտավոր ենք հանուն հարատևման պայքարել ու պահպանել մերը...

Իսկ ի՞նչ է հաջողվել բանակին անցնող տարում.

Առաջնագծի ջրամատակարարման ծրագրի՝ աննախադեպ ծավալով իրականացում: Թող անհամեստ չհնչի, բայց ծրագրի մեկնարկը բարեգործական և Արցախի կառավարության միջոցներով սկսել ենք դեռևս 2016թ.-ին՝ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ապահովելով խմելու մշտական ջրով: Այն հաջողված մեկնարկ էր, որպեսզի հետագայում դառնա քաղաքականություն, և ուրախ եմ, որ, նախատեսված պլանի համաձայն, ընթացիկ տարում ամբողջությամբ կավարտվի: Կարծում եմ՝ ավելորդ է նշել խմելու մշտական որակյալ ջրի առկայության կարևորության մասին:

Զինվորական սննդի կազմակերպման ծառայությունը մասնավոր ընկերություններին վստահելը:

Ծրագիրն, իրոք, տպավորիչ արդյունքներ է գրանցել: Հետաքրքրական է՝ նորակոչիկների մոտ նկատվում է միտում, որ ցանկանում են ծառայել հենց այն զորամասերում, որտեղ համակարգն արդեն գործում է: Ծրագրի ամբողջական ներդրումը չի ուշանա:

Աշխատավարձերի շոշափելի բարձրացումը:

Հայրենիքի պաշտպանների ֆինանսական ապահովվածությունը վեր է բոլոր տեսակի քննարկումներից: Մի բան է այս ամենը գիտակցելը, բոլորովին այլ բան՝ դրա ի կատար ածումը:

Բարձրակարգ կահավորմամբ նոր զորանոցների կառուցումը և շահագործումը:

Այն զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ևս մեկ ծրագիր է:

Առաջնագծի կահավորման՝ ինժեներական-ամրաշինական նոր որակի աշխատանքների իրականացում, որն ուղղված էր մեր զինվորների ծառայության պայմանների բարելավման և թշնամու հնարավոր ոտնձգությունների դեմ տեխնիկապես ավելի ապահով սահման ունենալուն: Ընթացիկ տարում այն նոր թափով կշարունակվի:

Սպայական անձնակազմին, թոշակառու սպաներին սոցիալական ծրագրերով բնակարաններով ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Իսկ որ ամենակարևորն է, ՊԲ հերթացուցակում գտնվող բոլոր սպաների՝ մինչև 2023թ.-ը բնակարանային խնդրի լուծման որոշման կայացումն էր:

Սպառազինություն: Անկախությունից հետո մեր բանակը բազմիցս ձեռք է բերել նոր սպառազինություն, բայց այս որակի ու քանակի ձեռքբերում դժվար է հիշել:

Ա. Ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգեր, «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ:

Հայոց երկնքի պաշտպանությունն այսօր ավելի հուսալի է, քան երբևէ, և չգնահատել այս փաստն ուղղակի չենք կարող:

Բ. «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչները, ինչը թույլ կտա իրականացնել ինչպես պաշտպանական՝ պայքար հակառակորդի ավիացիայի դեմ, այնպես էլ հարձակողական գործողություններ՝ թշնամու ցամաքային թիրախների դեմ գերճշգրիտ հարվածների իրականացմամբ։

Գ. Սեփական ռազմարդյունաբերության կատարելագործում: Արցախում և Հայաստանում նոր սերնդի ԱԹՍ-ների արտադրության կազմակերպում, որոնք բարձր արդյունավետությամբ կատարում են ինչպես հարվածային, այնպես էլ դիտարկման գործողություններ:

Շարքը կարելի է երկար շարունակել, քանի որ հայկական բանակի զինպահեստները գրեթե ամենօրյա պարբերականությամբ համալրվում են արդի տարբեր սարքավորումներով ու զինատեսակներով: Բայց սահմանափակվենք այսքանով, քանի որ, մասնագետների կարծիքով, այս փուլում այսքանն էլ է բավարար, որպեսզի 2020թ.-ը խաղաղ ու կանխատեսելի լինի: Իսկ արդեն ընթացիկ տարում սպասվող նոր սպառազինությունների ձեռքբերումն ավելի հաստատուն կդարձնի տարածաշրջանի կայունությունը”:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: