չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում հայ կինոյի 100-ամյակը կնշվի «Հայկական օրվա» շրջանակում

Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում հայ կինոյի 100-ամյակը կնշվի «Հայկական օրվա» շրջանակում

Հունիսի 12-18-ն անցկացվում է Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը:

Փառատոնը ֆրանսախոս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարվա հունիսին, մեկ շաբաթվա ընթացքում, ներկայացնում է Մարոկկոյից մինչև Հնդկաստան և Կենտրոնական Ասիա ընկած տասնյակ երկրների կինեմատոգրաֆիայի նորագույն և լավագույն գործերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, փառատոնի խորհրդի անդամ և Շվեյցարիայում Հայաստանի նախկին առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և համագործակցությամբ՝ Հայաստանն այս տարվա փառատոնին ներկայացված է հատուկ կարգավիճակով:

2023 թվականին նշվում է հայկական կինեմատոգրաֆի 100-ամյակը. հունիսի 17-ին փառատոնի շրջանակում հայ կինոյի հոբելյանը մեծ շուքով կնշվի «Հայկական օրվա» շրջանակում: Կներկայացվեն միջազգային բազմաթիվ փառատոների մասնակցած ու մրցանակների արժանացած հայկական արտադրության երկու ֆիլմեր` «Ամերիկացին» և «Դրախտի դարպասը»: Առաջինն ամերիկահայ Միքայել Ա. Գուրջյանի գլուխգործոցն է, որն ընդգրկված է մրցութային ծրագրում: Ֆիլմը պատմում է 20-րդ դարի քառասունական թվականներին ԱՄՆ-ից Սովետական Հայաստան հայրենադարձած Չարլիի (գլխավոր դերում՝ Միքայել Գուրջյան) պատմությունը, որը վերադարձից շատ կարճ ժամանակ անց անհասկանալի մեղադրանքով հայտնվում է բանտում: Անսահման համբերության, հույսի և հայրենասիրության շնորհիվ Չարլին հաղթահարում է իրեն բաժին ընկած փորձությունը և յուրահատուկ ճանապարհով ինտեգրվում իր հին-նոր հայրենիքում:

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» պատմում է գերմանացի հայտնի ֆոտոլրագրողի և արցախցի օպերային երգչուհու ռոմանտիկ պատմությունը, որը տեղի է ունենում 2016 թվականի քառօրյա պատերազմի ֆոնին: Եվրոպացի լրագրողի աչքերով Արցախն հանդիսատեսին է ներկայանում յուրահատուկ ջերմ գույներով` որպես եվրոպական մշակութային մեծ ընտանիքի անբաժան մասնիկ, իսկ արցախցիները` սիրով, ավանդույթով ու հայրենասիրությամբ լի կենցաղի կրողներ:

«Հայկական օրվա» ընթացքում Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը կկազմակերպի ընդունելություն, որի ընթացքում ֆիլմերի ստեղծագործական թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքը, հայկական կինեմատոգրաֆի ներկա վիճակը և հեռանկարները: «Հայկական օրն» արդեն արժանանում է շվեյցարական խոշոր լրատվամիջոցների ուշադրությանը` շվեյցարացիների համար բացահայտելով հայկական մշակույթի և կինոարվեստի թաքնված հարստությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնն իրականացրել է միջոցառմանը մասնակցելու կազմակերպչական աշխատանքները:

  • Կիսվել: