ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքական իշխանությունների հրահանգով փլվում են Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի պատմական կառույցները

Թուրքական իշխանությունների հրահանգով փլվում են Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի պատմական կառույցները

Դիարբեքիրի Սուր պատմական շրջանում, «վտանգավոր լինելու» անվան տակ, պատմական կառույցներ են ավիրվում։ Թուրքիայի ճարտարապետների պալատը զգուշացրել է, որ այդ կառույցների վերացման հետևանքով լիովին կանհետանա նաև այդ շրջանի պատմությունը։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, ահազանգում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուր պատմական շրջանում 2015 թ․ դեկտեմբերի 2-ին հրապարակված փողոց դուրս գալու արգելքից հետո սկսված ավիրումը շարունակում է նոր ծավալներ ստանալ։

Փողոց դուրս գալու արգելքը ներկայում պաշտոնապես չի չեղարկվել, և այս շրջանի 6 թաղամասերում մինչ օրս բազմաթիվ կառույցներ ու տներ են փլվել։ Բացի այդ, այն թաղամասերում, որտեղ փողոց դուրս գալու արգելք չէր դրված, որոշ շինություններ ևս ավիրվում են՝ «լքված» լինելու պատճառաբանությամբ։ Նշվում է, որ Սուր շրջանի քաղաքապետարանը, այն «հիմնավորմամբ», թե տվյալ կառույցները «վտանգ են ներկայացնում», հավանություն է տվել, որ ընդհանուր 63 շինություն փլվի։

Թուրքիայի ճարտարապետների պալատի Դիարբեքիրի մասնաճյուղի համանախագահ Ֆերիթ Քահրամանը հայտնել է, որ Զիյա Գյոքալփ թաղամասում գտնվող մի շինություն թեև որպես պատմական կառույց էր գրանցվել, որը ենթակա է պահպանության, այնուամենայնիվ տեղական իշխանություններն այս տան տիրոջն ասել էին, թե այն փլվելու վտանգի տակ է և 30 օր ժամանակ տվել՝ տունը ազատելու համար։ Նա նաև հաղորդել է, որ թեև ըստ օրենքի՝ նման շինությունների նախկին բնակիչներին հարկ էր նյութական և բարոյական աջակցություն ցույց տալ, սակայն նման բան չի արվել։

Թուրքական պարբերականը նաև հայտնում է, որ նման տների քարերը հետագայում վաճառքի են հանվում։ Ֆերիթ Քահրամանը նաև ընդգծել է այդ ավիրմանը վերջ տալու անհրաժեշտության մասին՝ նշելով․ «Մշակութային ավիրումն էլ պիտի սահման ունենա։ Հարկ է տեսնել, որ քանդելոց ոչ մի բան չի փոխվի։ Անհրաժեշտ է հրաժարվել ավիրման քաղաքականությունից, վերանորոգել կամ վերականգնել այդ պատմական կառույցները»։

  • Կիսվել: