ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Թեհրանում տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի գիտաշխատող Իվետ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը

Թեհրանում տեղի է ունեցել Երևանի Մատենադարանի գիտաշխատող Իվետ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը

Հունիսի 28-ին, Թեհրանի «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանում տեղի ունեցավ Երևանի Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվետ Թաջարյանի՝ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը, գրում է parstoday.com-ը:

Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ: Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում և լավագույնս պատկերում են ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը:

Միջոցառումը մեկնարկեց ազգային թանգարանի տնորեն Ալիս Շահմուրադյանի ողջույնի խոսքերով, ով անդրադարձավ նաև թանգարանի աշխատանքներին: Գրքի մասին համապարփակ բացատրություն փոխանցեց հեղինակ Իվետ Թաջարյանը, ընդգծելով, որ հայերենով, անգլերենով և պարսկերենով լույս տեսած եռալեզու սույն աշխատանքի մեջ հավաքագրված են Մատենադարանում առկա Իրանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ լավագույն ձեռագրերից մի ծաղկաքաղ: Նա ընդգծեց, որ գիրքը հրատարակվել է Ռուսաստանից «Վիկտորիա» հիմնադրամի հովանավորությամբ եւ Գայանե Գևորգյանի ջանքերով, շատ քիչ տպաքանակով և մտադրություն կա վերահրատարակել աշխատությունը, քանզի գիրքը հուշում է Իրան-Հայաստան սերտ կապերի մասին: Նա նշեց. «Ես փորձել եմ, որպես իրանահայ իմ ներդրումը ունենալ այս գրքի կազմավորման մեջ, ձեռագրերի հավաքագրման և ուսումնասիրման հարցով»:

Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան՝ Իրանում ԻԿՕՄ-ի պատասխանատու Մոհիթ Թաբաթաբային, Իրանում ՀՀ դեսպանության դիվանագետ Գարիկ Գրիգորյանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահե Թարոյանը, իսկ եզրափակիչ խոսքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը: Իր ելույթի ընթացքում Սրբազան Հայրը կարևորելով կատարված աշխատանքը և բարձր գնահատելով հեղինակին, գիրքը բացահայտ օրինակը համարեց Իրան-Հայաստան մշակութային և պատմական սերտ կապերի և կարևորեց Իրանում հայկական կոթողների նկատմամբ Իրանի կառավարության անվերապահ ուշադրությունը, ընդգծելով, որ թէ՛ արևմտեան Հայաստանում, և թէ՛ այսօր Արցախում ցավոք թուրքերն ու ադրբեջանցիները ավերում են հայկական կոթողները: Սրբազան Հայրը գնահատանքով անդրադարձավ Իրանի նման բարյացակամ մոտեցման մասին և հրատարակված գիրքը համարեց երկու ժողովրդի հոգեկան, մշակութային, մտավորական կապը և գովեստով անդրադարձավ գրքի հեղինակ Իվետ Թաջարյանի մասին:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: