Թատերական ներկայացումներ «Կաթը դպրոցներին» ծրագրի շրջանակում
ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) համագործակցությամբ իրականացվող «Կաթը դպրոցներին․ Լոռի և Երևան» ծրագրում ընդգրկված հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացվել են «Կաթի ուժը» խորագրով ուսուցողական տիկնիկային բեմադրություններ:
Ծրագրում ընդգրկված են Երևանի և Լոռու մարզի 8 դպրոցներ՝ ներգրավելով 1350 աշակերտի։ Ծրագրի նպատակն է խթանել կաթի օգտագործումը դպրոցականների շրջանում՝ ներառելով կրթական, մշակութային և խաղային բաղադրիչներ։
Ներկայացման սցենարը մշակվել է դպրոցական միջին տարիքի երեխաների ընկալման առանձնահատկություններին համապատասխան։ Բեմադրվող տեսարանների միջոցով բացահայտվում են կաթի կարևորագույն բաղադրիչները՝ կալցիում, վիտամին D, սպիտակուցներ։ Ուսուցողական վիկտորինաներով ուղեկցվող ներկայացումների ավարտին հյուր եկած պատանի մարզիկներն իրենց օրինակով ընդգծել են առողջ ապրելակերպի կարևորությունը։
Շահառու դպրոցներում կազմակերպված այս միջոցառումներն անցկացվել են աշակերտների ակտիվ ներգրավվածությամբ և անմիջական հարցուպատասխանով՝ փոխանցելով առողջ ապրելակերպի գաղափարախոսության հիմնական ուղերձները։
Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև մրցույթներ, որոնց ընթացքում աշակերտները թիմերով մրցելու են կաթի օգտակարության վերաբերյալ իրենց գիտելիքներով՝ վիկտորինաների, խաղերի և ստեղծագործական առաջադրանքների միջոցով։ Մրցույթների հաղթող դասարանները մասնակցելու են ուսուցողական էքսկուրսիաների կաթի արտադրության տարածքներում։
Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) նախաձեռնությամբ, Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համակարգմամբ և «Երեմյան Ֆարմ» ընկերության աջակցությամբ: