ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը կմեկնարկեն ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով

Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը կմեկնարկեն ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով Ռուսաստանում կմեկնարկեն Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Նվագախումբը Մոսկվայում հանդես կգա հունիսի 10-ին Չայկովսկու անվան համերգասրահում:

Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Կհնչեն հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Արամ Խաչատրյանի Սյուիտը՝ «Սպարտակ» բալետից, Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար և Չայկովսկու թիվ 6 «Պաթետիկական» սիմֆոնիան:

Համերգի մենակատարն անվանի դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինն է, որը Չայկովսկու անվան մրցույթի (1994) և Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր է (1999):

Որպես համերգի պատվավոր հյուր, հանդես կգա նաև միջազգային մեծ համբավ ունեցող ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), որի ելույթը կարող է զարդարել համաշխարհային բարձր հեղինակություն ունեցող ցանկացած բեմ:

Համերգը տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ:

  • Կիսվել: