երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Պատմական փաստերի փոփոխություն մենք ընդհանրապես չենք իրականացնում. ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքերի մասին

Պատմական փաստերի փոփոխություն մենք ընդհանրապես չենք իրականացնում. ԿԳՄՍ նախարարը՝ պատմության դասագրքերի մասին

Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք և հենց այդ պատճառով է, որ կրթության զարգացման պետական ծրագրով խնդիր ենք դրել բարձրացնել մրցունակությունը և ունենալ մինչև չորս բուհ 500 լավագույն բուհերի շրջանում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է  ստանալ որակյալ բարձրագույն կրթություն:

«Այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, արդեն տեսնում ենք բավականին լուրջ առաջընթաց տարբեր բուհերի շրջանում: Եթե դուք վերցնեք և նայեք, օրինակ, ինչպես է աճել մեր տարբեր բուհերում գիտական հրապարակումների թիվը։ Բուհեր ունենք, որոնք էական առաջընթաց են ապահովում։ Ունենք բուհեր, որոնք իրենց ատեստավորման ներքին համակարգերն են դնում, որպեսզի կարողանան դասախոսական կազմը ավելի որակյալ և մրցունակ հավաքել»,-ասաց նա:

Հարցին՝ դա՞ է հաշվի առել, որ իր երեխայի կրթությունը արտերկրում է կազմակերպել, նախարարն ասաց. «Ես կարծում եմ՝ ես այս հարցին արդեն պատասխանել եմ և ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև այդ հարցը սպառված եմ համարում»:

Անդրադառնալով վերջին շրջանում պատմության դասագրքերի նկատմամբ հանրության մոտ եղած դժգոհություններին, որ փոփոխվել են որոշակի պատմական փաստեր, Անդրեասյանն ասաց. «Պատմական փաստերի փոփոխություն մենք ընդհանրապես չենք իրականացնում: Պատմությունը այն է ինչ տեղի է ունեցել մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք վերլուծել և տարբեր տեսանկյուններից նայել պատմական տարբեր իրողություններին, ունենալ պատմական մտածողություն: Սա է մեր կարևոր խնդիրը: Պատմությունը նույնն է, ինչ որ միշտ»:

Հարցին՝ ինչպե՞ս է դասագրքերում ներկայացվել Ցեղասպանության հարցը, Հայ դատը, արցախյան պատերազմները, նա արձագանքեց. «Թե ինչպե՞ս է ներկայացվելու մասնագիտական հարցը, դասագրքերը գրում են մասնագետները և մասնագետներն են որոշում ինչպես ներկայացնել։ Մեր պահանջը հետևյալն է, որ մեր երեխան ունենա հնարավորություն ծանոթանալու պատմական տարբեր իրադարձություններին, դեպքերին, երևույթներին, դրանք վերլուծել, տարբեր եզրահանգումներ անել, հասկանալ պատճառները, հետևանքներն ու օրինաչափությունները:

Ձեր մատնանշած բոլոր դեպքերն ու իրադարձություններն էլ շատ կարևոր են, մեր, որ մեր երեխաները հետևություններ անեն և կարողանան նաև մեր այսօրվա իրավիճակը ճիշտ գնահատել»:

  • Կիսվել: