ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախագահի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգեւների

Նախագահի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգեւների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ՝ Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանը, քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը, քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, ինչպես նաեւ թավջութակահար Արամ Թալալյանը, գրականագետ Ավետիք Իսահակյանը եւ Համահայկական խաղերի երեւանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Չիբուխչյանն արժանացել են պետական բարձր պարգեւների՝ իրենց ոլորտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նրանք իրենց գործունեությամբ, արվեստով, կատարած աշխատանքով արդեն իսկ վաստակել են ժողովրդի հարգանքն ու գնահատանքը: «Ուրախ եմ, որ երկար տարիների ձեր հայրենանվեր ներդրումը գնահատվում է ոչ միայն շքանշանով, այլեւ մեր ժողովրդի կողմից,-նշել է նախագահը:- Քաջալերում եմ այն գործունեությունը, որ իրականացրել եք վերջին տարիներին եւ վստահ եմ, որ շարունակելու եք նույն եռանդով եւ նվիրումով»:

Պարգեւների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու եւ արժեւորելու համար:

 

  • Կիսվել: