շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ռաբիս երգիչներին տրված վաստակավորի կոչումները հետ վերցնելու հավանականությանը և նոր նախագծին

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ռաբիս երգիչներին տրված վաստակավորի կոչումները հետ վերցնելու հավանականությանը և նոր նախագծին

Մենք պահպանել ենք և կմնա մշակույթի վաստակավոր գործիչ, գիտության վաստակավոր գործիչ կոչումները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ անհրաժեշտություն կար նախարարության կողմից շրջանառված նման նախագծի, որով վաստակավորիների և ժողովրդական արտիստների կոչումներն այլևս չեն լինի:

«Մեր կարծիքով, անձամբ իմ և ոչ միայն, նաև շատ տարբեր շրջանակների մշակույթի ոլորտից կարծիքներ կան, որ ժողովրդական արտիստ, վաստակավոր արտիստ՝ չկան հստակ չափանիշներ: Ո՞ւմ տալ՝ մեր արտիստները, մեր մշակույթի գործիչները՝ ո՞ւմ որոշեն, ո՞ւմ ինչ բանաձևով որոշեն՝ ով է ժողովրդական, ո՞վ է ոչ ժողովրդական, կարծում եմ, ավելորդ դասակարգում է առաջանում»,- ասաց Դումանյանը:

Նախարարի կարծիքով,  մշակութային գործիչների բարձրագույն գնահատականները պետք է լինեն տարբեր տիպի մշակութային մրցանակների նվաճումը՝ տարբեր փառատոններում, համերգներում, մրցույթներում: Այսինքն, հանրության կողմից, մասնագիտական հանրության կողմից իրենք գնահատվեն:

«Հիմա, ըստ իս, նախարարությունը տարիներ շարունակ որոշել է տվյալ գործչին ժողովրդական արտիստի կոչում տալ, իսկ մնացածը ոչ ժողովրդակա՞ն են»,- ասաց նախարարը:

Հարցին, թե տարիներ շարունակ ռաբիս երգիչներին վաստակավոր արտիստի կոչում են տվել և միշտ եղել է տեսակետ, որ դա քաղաքական հայացքների համար է տրվել, հիմա արդյոք հնարավոր է դա վերանայվի, Դումանյանը պատասխանեց, որ իր կարծիքով իրական գնահատականը տալիս է հանդիսատեսը.

«Իրական գնահատականը տրվում է ժողովրդի կողմից և իրենց երկրպագուների կողմից: Չեմ կարծում արժի դրա վրա ժամանակ ծախսել, և, ի վերջո վկայականով չի որոշվում վաստակավոր արտիստ է, թե՝ ժողովրդական, թե՝ չգիտեմ ինչ: Գրքույկ ունեք, ուրեմն ժողովրդական եք, չունեք՝ ժողովրդական չեք: Ժողովրդականը նա է, որ նույնիսկ կասկած չի առաջանում, որ նա ժողովրդական արտիստ է: Նման անուններ մենք ունեք, դուք գիտեք և չարժի շատ մանրացնել այդ խոսակցությունը»,-նշեց ԿԳՄՍ նախարարը:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր կոչումները, որոնք՝ որպես ընդգրկուն եզրույթներ, ներառում են դաշտն ամբողջապես։

  • Կիսվել: