երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ամփոփեց արդյունքները

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան ամփոփեց արդյունքները

«Սինոփսիս Արմենիա»-ում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 18-րդ օլիմպիադայում մրցել են 270 մասնակից 14  երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ և Ուկրաինա:

Օլիմպիադան ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անց է կացվել 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, անց է կացվել հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտում:

Առաջին փուլին մասնակցած 270 մասնակիցներից 28 -ն անցել են եզրափակիչ փուլ, որոնցից 12-ը Երևանից են։ Եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 14 մասնակից հետևյալ 12 երկրներից. ԱՄԷ, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան, Հորդանան, Չիլի, Պերու, Ռուսաստան, Սերբիա և Վիետնամ:

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողների պարգևատման արարողության ժամանակ առաջին տեղի մրցանակը հանձնել է ՀՀ ԲՏԱ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Երկրորդ տեղի մրցանակը հանձնել է օլիմպիադայի գլխավոր հովանավոր «Դիջիթեյն» ընկերության փոխտնօրեն Մարտին Մարտիրոսյանը։

Երրորդ տեղի երկու մրցանակները հանձնել են Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, ՏՀՏ Գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի Նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական Երվանդ Զորյանը։

Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներն են․

  • Առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիկը` Բոսնիա և Հերցեգովինայից,
  • Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեվանովիչը` Սերբիայից,
  • Երրորդ մրցանակին արժանացել են՝
  • Ազրա Ելեզովիչը` Բոսնիա և Հերցեգովինայից,
  • Էդգար Պապյանը` Հայաստանից։

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին և անց է կացվում ՀՀ Վարչապետի հովանու ներքո։ Ուշագրավ է, որ այն կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա»-ն, իսկ գլխավոր հովանավորը՝ «Դիջիթեյն» ընկերությունը: Գլխավոր գործընկերն է «Յունիքոմփ» ընկերությունը: Գլխավոր աջակիցը՝ Ucom ընկերությունը։  Օլիմպիադայի աջակիցներից են նաև ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը։

«Հայաստանը շարունակում է պահպանել և զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում դեռևս անցյալ դարի կեսերին ձևավորած իր առաջատարության և գերազանցության ավանդույթները», - ասում է Օլիմպիադայի Կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանը։ «Այս օլիմպիադայի ուրույն ձևով նպաստում է Հայաստանի՝ որպես միկրոէլեկտրոնիկայի ոլորտի առաջատար երկրի, ճանաչելիության բարձրացմանը»։

«Ոգևորիչ է տեսնել, որ օլիմպիադան շարունակում է ծառայել իր հիմնական նպատակին և հաստատակամորեն մեծացնում միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհի երիտասարդության շրջանում», - ասում է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Թղթ, անդամ, պրոֆ. Վազգեն Մելիքյանը: 

««Սինոփսիս Արմենիա»-ի կողմից հիմնադրված այս օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին: Միևնույն ժամանակ այն օգնում է բացահայտելու մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տվյալ երկրի միկրոէլեկտրոնիկայի ոլորտի կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով», - ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական Երվանդ Զորյանը և հավելել․«Մենք պետք է վստահ լինենք, որ Հայատանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ»։

«Կրթությունը մշտապես գտնվում է Դիջիթեյն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կիզակետում, այդ իսկ պատճառով մենք հպարտորեն հանդիսանում ենք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայի գլխավոր գործընկերը։ Ընկերությունը մեծապես կարևորում է երիտասարդների շրջանում հենց համանման ծրագրերին աջակցելը, քանի որ քաջ գիտակցում ենք, որ երիտասարդությունը և կրթությունը մերօրյա աշխարհի շարժիչն են, հետևաբար, անհարժեշտ է անել ամեն հնարավորը նրանց կրթության ու զարգացման համար», - ասել է «Դիջիթեյն» ընկերության հիմնադիր՝ Վարդգես Վարդանյանը:

«Օլիմպիադայի հիմնական նպատակներից մեկը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձևավորումն է։ Այս տարիների ընթացքում օլիմպիադային մասնակցել են հարյուրավոր բացառիկ երիտասարդներ աշխարհի ավելի քան 25 երկրներից, որոնք հանդիսանում են վաղվա առաջատար տեխնոլոգիաների կերտողները», - նշել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադան ընդգրկում է հետևյալ թեմաները՝

  • թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում,
  • կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա,
  • ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունից բացի, օլիմպիադայի եղրափակիչ փուլի մասնակիցներն, ինչպես միշտ, ունեն հատուկ ծրագիր՝ ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու քաղաքամայր Երևանին:

  • Կիսվել: