ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մայիսի 19-ին կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը

Մայիսի 19-ին կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2022 թ. մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։

«Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է կոմպոզիտորների միության բոլոր անդամներին 90-ամյակի կապակցությամբ և ընդգծել, որ միայն միության պատմությանը քաջատեղյակ մարդիկ գիտեն, թե ինչ փորձությունների, բարդությունների և նվաճումների միջով է անցել միությունն այս 90 տարիների ընթացքում:

Արա Խզմալյանն ուրախությամբ նշել է, որ նախարարության և միության միջև համագործակցային աշխատանքներն ակտիվացել են, և հատկանշական է, որ այդ համագործակցության արդյունքում նաև նոր շունչ է ստացել Դիլիջանի կոմպոզիտորների տան համերգասրահը, և «Բեթհովենյան» դահլիճում պարբերաբար տեղի են ունենում միջոցառումներ:

«Մեզ համար մշակութային քաղաքականության առաջնահերթություն է մշակութային գործընթացների ապակենտրոնացումը: Կարծում եմ՝ դեռ շատ անելիքներ ունենք այդ միջավայրի հետ կապված: Տարեցտարի ուշադրության կենտրոն ենք բերում ժամանակակից կոմպոզիտորներին: Ինչպես գիտեք, այս տարի Սիմֆոնիկ նվագախմբի հետ իրականացրել ենք «Ժամանակակից կոմպոզիտորական արվեստի» փառատոնը, և գնալով ավելի ու ավելի հստակ են դառնում ռազմավարական շեշտադրումներն այդ փառատոնի մեջ»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ արվում է ամեն ինչ, որպեսզի ժամանակակից կոմպոզիտորական արվեստի պրոցեսների խթանումը չսահմանափակվի միայն փառատոնով, այլև տարվա ընթացքում լավագույն ստեղծագործողներին աջակցությունը շարունակվի ինչպես տեղեկատվական, այնպես էլ կոնկրետ պատվերների միջոցով, նոտաների հրատարակմամբ:

«Իմ ակնկալիքը մեծ է բուն մասնագիտական հանրությունից, որովհետև միայն պաշտոնական առումով ոլորտի կարգավորումն անհեռանկար ճանապարհ է, քանի որ գործընթացներն այդ կերպ չեն հասունանում ընդերքից: Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմին, երաժշտագետներին, ուսանողներին, երիտասարդ կոմպոզիտորներին շատ ավելի ակտիվ և մասնակցային լինել այս փառատոնին: Հույս ունեմ, որ ներկայացված յուրաքանչյուր աշխատանքի շուրջ կծավալվի մասնագիտական քննարկում: Մարդիկ կարող են և՛ դրական, և՛ բացասական կարծիք ունենալ, բայց պետք է վերաբերմունք լինի արվածի հանդեպ: Ոլորտի զարգացումը պայմանավորված է հենց մասնագիտական դիրքորոշումից ու գնահատականից: Մի կարևոր բան ևս. առաջիկայում նախարարության և կոմպոզիտորների միության համագործակցությամբ կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների փառատոն-մրցույթը, որը ևս շատ կարևոր իրադարձություն է: Համոզված եմ՝ որքան ավելի բարդ են կյանքը և իրողությունները, այնքան ավելի շատ բան ունի անելու արվեստագետը, առավել ևս՝ երաժիշտը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ միությունը ստեղծվել է 1932 թվականին, ինչը մեծապես նպաստել է հայ կոմպոզիտորական արվեստի զարգացմանը: Նրա խոսքով՝ կոմպոզիտորների միությունն ավանդույթներ ունեցող կառույց է, որոնք ժամանակի ընթացքում պահպանվել են և այսօր էլ շարունակվում են՝ ներկայացնելով և տարածելով հայ կոմպոզիտորական արվեստն աշխարհի տարբեր երկրներում:

Անդրադառնալով միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնին՝ Արամ Սաթյանը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոբելյանական փառատոնի շրջանակում կներկայացվեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ, որոնց զգալի մասը կլինեն պրեմիերաներ: Բացման համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը, Վանաձորի պետական կամերային նվագախումբը, ինչպես նաև անվանի մենակատարներ:

«Կոմպոզիտորների միության համերգասրահի նախասրահում համերգից առաջ կբացվի նաև միության 90-ամյակին նվիրված ցուցահանդես, որի շրջանակում Հայաստանի ազգային արխիվի հետ կներկայացվեն միությանը վերաբերող արխիվային նյութեր: Մինչև նոյեմբեր տևող հոբելյանական փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններ: Ողջ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել նաև մարզային համերգներ, մրցույթներ, բազմաբովանդակ այլ նախագծեր, որոնք կիրականացվեն Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի գործընկերությամբ»,- եզրափակել է Արամ Սաթյանը:

  • Կիսվել: