Կյանքը թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում է վարագույրը. Լալայի դեպքում դա կայծակնային էր. Ռուբեն Մաթևոսյան
Յուրաքանչյուր արվեստագետի, յուրաքանչյուր նվիրյալի կորուստը ցավ, վիշտ է բոլորիս համար։ Իրենց գնալով դատարկվում է այն տողը, գիծը, աստիճանը, որ ձեռք էր բերել տվյալ արվեստագետը: Այս մասին այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
Նա նշեց, որ Լալա Մնացականյանն իր համար միայն դերասանուհի չէր, ընկեր, թանկ ու հարազատ մեկն էր։
«Իր կորստով զգում ես, որ քո ներսում, քո գիտակցությանմեջ ինչ-որ մի բան վերջանում է: Ընդհանրապես, կյանքը մի թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում են վարագույները։ Ափսոս, որ Լալա Մնացականյանի վարագույը կայծակնային էր և թույլ չտվեց, որ նույնիսկ վերջին խոսքն ասի։ Ինչ-որ մի սխալ կա, որ մեր ձեռքում չէ:
Նա երբեք սխալ բառ չարտասանեց բեմից։ Իր ուսանողներին սովորեցնում էր ճիշտ խոսել, արտասանել, ճիշտ շնչել, որ կարողանալ մեկ ամբողջ նախադասություն մեկ շնչով արտաբերել: Ափսոս։ Նմաները մեզ շատ պետք են։ Ցավոք, հրաժեշտ ենք տալիս»,- ասաց Ռուբեն Մաթևոսյանը։
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։