ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կիմ Բակշիի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են Շուշիում են

Կիմ Բակշիի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են Շուշիում են

Ռուս հայտնի գրող, կինոդրամատուրգ, հասարակական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի վերջին ցանկության համաձայն՝ Արցախի Շուշի քաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան այգում տեղի է ունեցել նրա աճյունափոշու մի մասի հուղարկավորությունը։

Հոկտեմբերի 3-ին նրա աճյունը հուղարկավորել են «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում։ Հոկտեմբերի 5-ին Արցախում իրականացվել է Կիմ Բակշիի ցանկությունը։

Կիմ Բակշին իր կտակում խնդրել էր, որ իր աճյունը ցրեն Հայաստանում (Գառնիի կիրճում) եւ Արցախի Շուշի քաղաքում։ Կիմ Բակշիի կտակում, մասնավորապես, ասվում է․ «Խնդրում եմ իմ մահից հետո կատարել բոլոր անհրաժեշտ քրիստոնեական ծեսերը։ Խնդրում եմ անպայման ինձ դիակիզել եւ իմ աճյունափոշին բաժանել երկու մասի։ Մի մասը թաղել Պյատնիցկու գերեզմանոցում, որտեղ ես տեղ ունեմ, իսկ երկրորդ մասը փոխանցել իմ ընկեր Սուրենին։

․․․Թե ինչ անել իմ աճյունի հետ Հայաստանում, թողնում եմ Սուրենի հայեցողությանը։ Իհարկե, ես չէի ուզի հանդիսավոր հուղարկավորություն եւ էլիտար գերեզմանոց, ավելի լավ կլինի աճյունը ցրել հետեւյալ տեղերից մեկում՝ Գառնիի կիրճում, կամ Շուշի քաղաքում, կիրճում, որտեղ Գրիգորի Արկադեւիչ Գաբրիելյանցի տունն է։ Իմ այս նամակով եւ վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը, որը, կարծում եմ, ապացուցել եմ հայ ժողովրդին երեսուն տարի ծառայելու ընթացքում։ Կիմ Բակշի․ 04․11․2014թ․»։

Սակայն, քանի որ Հայ առաքելական եկեղեցու օրենքներով արգելվում է մահացածի աճյունափոշին ցրել, իրականացվել է հուղարկավորություն։

Բակշիի կտակը կյանքի է կոչվել Ռուսաստանի հայերի միության ջանքերով։ Հուղարկավորության արարողությանը մասնակցել են գրողի ազգականները եւ ընկերները, նրա ստեղծագործության երկրպագուները, հանրապետության իշխանությունների եւ հասարակայնության ներկայացուցիչները, ՌՀՄ պատվիրակությունը։

  • Կիսվել: